Մանկապատանեկան մամուլի խմբագիրները «շոկի» մեջ են /տեսանյութ/
Բանաստեղծուհի, մանկագիր, ՀԳՄ անդամ Անուշ Վարդանյանը երկար տարիներ է, ինչ խմբագրում է «Ծիծեռնակ» մանկական ամսագիրը: Վերջերս լրատվամիջոցներից մեկով հեռարձակվել է տեսանյութ, որտեղ թիրախավորվել է մանկապատանեկան գրականությունը: Անուշ Վարդանյանը զարմացած և զայրացած է.«Այդ տեսանյութը դիտելուց հետո մանկապատանեկան մամուլի խմբագիրները ընկան «շոկի» մեջ: Տեսանյութում շեշտվում էր, թե ինչո՞ւ է շատ գումար տրամադրվում մանկապատանեկան մամուլին: Թիրախում էր նաև 90 տարի հրատարակվող «Ծիծեռնակ» ամսագիրը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անուշ Վարդանյանը:
Անուշ Վարդանյանը նշում է, որ եթե գոյություն չունենա հայկական մանկական գրականության մամուլը, ապա շատ հեղինակներ կտուժեն:
«Մենք աշխատում ենք կենդանի հեղինակների հետ և հարյուրից ավելի գիրք ենք հրատարակել, որոնք ունեն իրենց դերը՝ մեծերի և փոքրերի երկխոսությունը կայացնելու համար»,-ասաց «Ծիծեռնակ» ամսագրի խմբագիրը հավելելով, որ ամսագրին թղթակցում են երեխաները, տպագրվում են նաև երեխաների նկարչական աշխատանքները:
https://www.youtube.com/watch?v=F0veY5Jl4p8
«Ցոլքեր» ամսագրի խմբագիր, հրապարակախոս, բանաստեղծուհի Հռիփսիմե Հովհաննիսյանն էլ նկատում է.« Այսօր մանկական մամուլ տպել նշանակում է՝ երեխայի հոգուն հաց տալ, եթե երեխան կարդում է, ուրեմն պետք է սնունդ ստանա»:
Բանաստեղծուհին նկատում է, որ պետության ներսում այնքան անիմաստ ծախսեր են արվում, որ մանուկների աշխարհին չի կարելի քարով խփել:
https://www.youtube.com/watch?v=KSPvtxNw6r4
Գրականագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԳՄ անդամ Աելիտա Դոլուխանյանն էլ փաստում է, որ մանկապատանեկան մամուլի դերը շատ կարևոր է.« Ես չգիտեմ, գուցե այդ մարդիկ իրենք երեխաներ չունեն և կամ ընթերցասեր չեն, որպիսի այդ ամսագրերը գնեն ու նաև իրենք ընթերցեն, որ տանը քննարկում լինի»:
Գրականագետը ընդգծում է, որ բոլոր զարգացած երկրներում կա մանկապատանեկան մամուլ և դա երեխայի համար ճանապարհ է հանդիսանում:
https://www.youtube.com/watch?v=Hn5TAWMhrdw