«Անալիտիկ խորհուրդի» հաջողությունը կախված է անձանցից
Նախկին պատգամավոր, փորձագետ Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնած «Անալիտիկ խորհուրդ»-ը փորձագետների համայնքին հնարավորություն է տալիս, որ իր կարծիքը բերի Ազգային ժողով: «Իրապես խնդիրը կա, կա փորձագիտական բավականին զարգացած համայնք, բայց չկա մի հարթակ, որի վրա այդ կարծիքները գոնե գան, կուտակվեն: Այս նախաձեռնությունը կարող էր անել ցանկացածը հավաքվածներից, բայց չենք արել: Երրորդ հարցն այն է, թե արդյոք սա իմիտիացիոն բնույթ ունի, թե ոչ»,-Henaran.am-ի հարցին, թե ինչ արդյունավետություն կարող է ունենալ այդ աշխատանքային խորհուրդը, պատասխանեց Ալավերդյանը:
Ըստ նրա` սա կարող է ձևական բնույթ ունենալ, բայց իր փորձը ցույց է տվել, որ ցանկացած իմիտացիոն նախաձեռնություն կարող է դառնալ իրական
` կախված նրանից, թե ինչպես են վերաբերում այդ նախաձեռնությունում ընդգրկված անձինք: «Այսօր ասել այն խնդիրների մասին, որ խորհուրդը կդնի և կլուծի, կարծում եմ, շատ շուտ է: Պետք է հստակեցնել, թե կարող ենք մեր միտքը տալ թղթին և հասցեական դարձնել, արդյոք ազատ ենք հետագայում այդ միտքը տարածել և ինչպես կարող ենք պնդել կամ ստեղծել մի իրավիճակ, երբ տվել ենք այդ միտքը:
Ես կարծում եմ, որ չի կարելի սահմանափակվել պաշտոնական կարծիքների տարածմամբ»:
Լ. Ալավերդյանն ընդգծեց, որ փորձագետն ունենում է այդ խնդիրը. «90-95 թթ. մենք ունեինք Գերագույն խորհուրդ, որ ուներ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողով: Ես այնտեղ եղել եմ գլխավոր փորձագետը, և մենք 4 տարի շարունակ, երբ կազմել ենք փաթեթը, արդեն 91թ կազմել էինք իրավական փաթեթը Արցախի հարցով, 4 տարի շարունակ դա ոչ թե հանձնաժողովի անունից է տարածվել, այլ այդպես էլ գրվել է` փորձագիտական կարծիք: Մենք շատ մեծ հաջողություններ ենք ունեցել այդ տարիներին: Երբ Ազգային ժողովն ընտրվեց, այդ մեթոդը կորավ:
Դա է անալիտիկ և փորձագիտական կարգավիճակի տարբերությունը, անկախ նրանից, թե դա պաշտոնական է, թե ոչ, ես համոզված եմ, որ դա աշխատում է»,-եզրափակեց նա: