«Ադրբեջանը բանակցությունները վերսկսելու ցանկություն չունի»
Մինսկի խմբի համանախագահները շարունակում են իրենց ջանքերը, նրանց գլխավոր նպատակը մեծամասշտաբ պատերազմը կանխելն է։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին։
Խոսելով բանակցությունների հնարավորությունից՝ բանախոսը նշեց, որ իրական բանակցությունները չեն սկսվի, որովհետև Ադրբեջանը չի փոխել իր տեսակետը:
«Ադրբեջանը դժգոհ է առաջարկված փաթեթից և փորձում է անպայման ստեղծել մի իրավիճակ, որ կամ հարցի լուծման ատյանը փոխվի, կամ առաջարկված սկզբունքներից ինքնորոշման իրավունքի սկզբունքը հանվի։ Ադրբեջանը բանակցությունների վերսկսման ցանկություն չունի, դրա համար էլ փորձում է պայմանավորվածությունները չկատարել, որ հարցի խորքային քննարկում չլինի»,- ասաց նա:
խոսելով Թուրքիայի դիրքորոշումից՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ Մանոյանը նշեց, որ ԼՂ-ում լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելը չի բխում Թուրքիայի շահերից:
Միեւնույն ժամանակ, սակայն, բանախոսի կարծիքով, երբեք չի կարելի բացառել, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են մեր տարածաշրջանում որոշակի քայլեր ձեռնարկել, որպեսզի ուշադրությունը շեղեն:
«Սակայն չեմ կարծում, որ Թուրքիայի շահերից է բխում Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելը, դա կներգրավի նաեւ այլ երկրների՝ Իրանին եւ Ռուսաստանին: Չեմ կարծում, որ Թուրքիան կցանկանա տարածաշրջանում նման իրավիճակ ստեղծել»,- ասաց նա։