Հայրենասիրությունը իր բնույթը փոխել է. Արմեն Ավանեսյան /տեսանյութ/
Օրերս Ծաղկաձորի գրողների տանը կայացավ երիտասարդ գրողների ամենամյա համաժողովը: Երիտասարդ գրողների քննարկումներին մասնակցում էին նաև ավագ սերնդի գրողներ, գրականագետներ:
Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը պատրաստել էր զեկույց՝ «Հայրենասիրությունը երիտասարդ գրողների ստեղծագործություններում» թեմայով:
Քննարկումն անցավ բավականին բուռն, քանի որ երիտասարդ գրաքննադատը բավականին լուրջ վերլուծության էր ենթարկել ներկայացված գործերը:
«Երբ հայրենասիրական մոտիվներն ես փորձում գտնել ժամանակակից գրականության մեջ՝ հատկապես երիտասարդների մոտ, տեսնում ես, որ հայրենասիրությունը՝ որպես այդպիսին, իր բնույթը փոխել է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց Արմեն Ավանեսյանը:
Նա փաստեց, որ դեռ կան պաթետիկ գոչերով ստեղծագործողներ, սակայն նրանց գործերը նկատելի չեն լինում և արագ մոռացվում են:
Գրականագետի խոսքով՝ հայրենասիրություն կոչվածը ներկայումս պետք է այլ կերպ դիտարկել.« Այն կենսատարածքը, որի մեջ ապրում է գրողը, եթե նա կարողանում է ճշգրիտ և գունեղ ներկայացնել իր օրվա ապրումը, կարծում եմ դա ևս հայրենասիրություն է»,-եզրափակեց Արմեն Ավանեսյանը: