Ազգային ժողովը մնջախաղի թատրոն չէ. պատգամավորը՝ Ծառուկյանի ու Իշխան Զաքարյանի բացակայությունից (տեսանյութ)
«Ես խմբակցության քարտուղարը կամ ղեկավարը չեմ, կարող եմ իմ կարծիքն ասել, ու դա չպիտի ընդունվի որպես խմբակցության տեսակետ»,-ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, երբ խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ է կատարվում իրենց խմբակցությունում: Հիշեցնենք, որ խորհրդարանի նիստերին խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի ներկայանում, չկա նաև Իշխան Զաքարյանը:
«Իմ կարծիքն այն է, որ ցանկացած պատգամավոր իրավունք ունի բացակայել նիստերից, իսկ բացակաների հարգելիությունը ո՛չ ես եմ որոշում, ո՛չ լրագրողները, ո՛չ էլ առանձին պատգամավորները: Կա կանոնակարգ-օրենքով սահմանված լիմիտ, երբ որ այն լրանում է, Ազգային ժողովի խորհուրդն իրավական գնահատական է տալիս հարգելի լինել-չլինելուն»,-ասաց նա:
Գևորգ Պետրոսյանը շեշտեց, որ ցանկացած պատգամավոր կարող է ունենալ անձնական խնդիրներ: «Եվ հետո ո՞վ է ասել, որ եթե պատգամավորը բացակայում է նիստին, ուրեմն նա ընդհանրապես զբաղված չի իր պատգամավորական կարգավիճակից բխող այլ գործունեությամբ: Ես հակված չեմ կարծել, որ պատգամավորն, ով չի գտնվում ներսում ու պատգամավորի կարգավիճակից բխող գործունեություն է իրականացնում, պետք է ստորադասել անպայման նիստին ներկա գտնվող, բայց պարապ, ինքնահիացմամբ զբաղված պատգամավորների ելույթներից կամ պահվածքից: Եվ Ազգային ժողովը մնջախաղի թատրոն չէ, եթե մարդիկ կան, որ գալիս են ներկա ստանալու համար, ես այդ դիրքորոշումն էլ չեմ ընդունում»,-նկատեց պատգամավորը:
Դիտարկմանը, որ խորհրդարանն այն վայրը չէ, որ պատգամավորները որոշեն գալ, թե չգալ, նա արձագանքեց, որ ոչ ոք այդպես չի մտածում: