Երբ է Աստված հրաշք գործում մեր կյանքում
«Վարդապետ, ուզում ենք քեզնից մի նշան տեսնել» :
Մատթեոս 12:38
Աստված հրաշք է գործում ոչ թե նրա համար, որ մենք ենք պահանջում, այլ երբ Ինքն է կամենում: Հրաշք կատարվում է ոչ թե մեր պահանջի համաձայն, այլ՝ մեր հավատքի: Հիսուս իր երկրային կյանքի ընթացքում հենց այնպես որևէ հրաշք չկատարեց: Նույնիսկ անապատում, փորձության ժամանակ, մերժեց սատանային հրաշք կատարել՝ պատասխանելով, որ չպիտի փորձես քո Տեր Աստծուն:
Աստված Սեր է, և Հիսուս հրաշք կատարեց միայն այն դեպքում, երբ կարիք կար, որ Նա արտահայտեր աստվածային Իր սերը մարդկանց նկատմամբ: Այսօր շատերն են ասում, որ հրաշք տեսնելու դեպքում կհավատան Աստծուն, առանց գիտակցելու, որ Աստված հրաշք չի կատարում, որպեսզի Իրեն հավատանք, և, ընդհանրապես, Աստված հավատքից առավել ակնկալում է մեր սերն Իր հանդեպ, քանի որ այդ սիրո շնորհիվ պիտի իրականանա աստվածային փրկագործության հրաշքը:
Տեր Եսայի քահանա Արթենյան