27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր գործարար կապեր՝ «Հայաստան-Իտալիա» համաժողովի արդյունքում

Հայաստանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում տեղի է ունեցել «Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովը՝ երկկողմ ներդրումային և գործարար կապերն ակտիվացնելու նպատակով։ Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողով ստեղծելու որոշումը կայացվել է 2016 թ. նոյեմբերին՝ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիի պաշտոնական այցի շրջանակում։

Հայաստանյան 26 տնտեսվարողներ իտալացի պոտենցիալ 170 գործընկերներին են ներկայացրել բիզնես-ծրագրեր, նշել ներդրումային ոլորտներ, որտեղ հնարավոր է համատեղ շահավետ գործունեություն ծավալել: Շահագրգիռ ընկերությունների միջև կազմակերպվել են հանդիպումներ՝ ներդրումային ծրագրերը և հայկական ապրանքների արտահանման հնարավորությունները քննարկելու նպատակով։ Ներկայացվել է Հայաստանում իտալական «Ռենկո» և «Սարտիս» ընկերությունների հաջողության պատմությունը։

«Հիմա Հայաստանում ներդրումներ անելու նպաստավոր ժամանակաշրջան է. կառավարությունն այսօր բիզնեսին ընդառաջ բազմաթիվ քայլեր է անում, բարելավում է գործարար միջավայրը, վերացնում է բյուրոկրատական քաշքշուկները։ Կոնկրետ մեր հիմնադրամը պատրաստ է ներդրումային ցանկացած փուլում գործնական աջակցություն և խորհրդատվություն ապահովել այդ թվում՝ իտալացի գործարարներին»,-նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը՝ ավելացնելով, որ համաժողովը և B2B-ները երկրի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու նպատակով էին կազմակերպվել։

«Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովի առանցքում գյուղմթերքի վերամշակման, վերականգնվող էներգետիկայի, ՏՏ, կոշիկի և տեքստիլ արդյունաբերության (սարքավորումներ), զբոսաշրջության ոլորտներում Հայաստանի ներդրումային հնարավորությունների ներկայացման հարցերն են։

Համաժողովի շրջանակում Հայաստանի զարգացման հիմնադրամի և Իտալիայի առևտրի խթանման գործակալության (ICE) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ երկկողմ առևտրատնտեսական կապերը զարգացնելու նպատակով: Հուշագրով կողմերը համաձայնել են ամրապնդել երկու երկրների գործարար շրջանակների համագործակցությունը, տեղեկատվություն փոխանակել առաջիկայում նախատեսվող միջոցառումների, գործարար այցերի, ցուցահանդեսների մասին, ինչպես նաև պայմանավորվածություն են ձեռք բերել անել հնարավորը՝ երկկողմ առևտրի և ներդրումների աճի խոչընդոտների նույնականացման և վերացման ուղղությամբ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ