Բարենպաստ պայմաններ ստեղծեք, ոչ թե ինչ ունենք, ծախեք. Գորգիսյան
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց, թե երբ «Հայֆիլմը« վաճառվեց, հայտարարում էին, թե պետք է ներդրումներ արվեն, մինչդեռ ոչինչ չարվեց: «Ինչո՞ւ այդ հիմնարկը՝ կոնկրետ «Հայփոստը», որ նորմալ շահույթով աշխատող հիմնարկ է, ինչու պետք է վաճառել: «Բյուրեղ» գործարանը շահույթով է աշխատում, ինչո՞ւ պետք է պետությունը հրաժարվի իր շահույթներից»,-հարցրեց նա:
«Սեփականաշնորհման մեթոդը լավագույնը չէ, բարենպաստ պայմաններ ստեղծեք, ոչ թե ինչ ունենք, ծախեք»,-ասաց նա: Հիմնական զեկուցող Անշարժ գույքի պետական կառավարման վարչության պետ Արման Սահակյանը պատասխանեց, թե իրենք ընդամենը 24 ընկերություն են ամրագրում, ոչ թե 47: Մնացածները նախորդը ծրագրում ընդգրկված են: «Ինչո՞ւ ենք 2017-2020թթ-ին իրականացնում, որպեսզի երեք տարվա մեջ ընդհանրապես ավարտենք մասնավորեցման գործընթացը»,-բացատրեց նա: