Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 5-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:
Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ պարոն Ուրազաեւը կշարունակի երկու երկրների հարաբերություննների զարգացմանն ու խորացմանն ուղղված իր գործունեությունը: Նա բարձր է գնահատել հայ-ղազախական հարաբերությունները, որոնց հիմքում ընկած է բարեկամությունը:
ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է վեցերորդ գումարման խորհրդարանում Հայաստան-Ղազախստան պատգամավորական բարեկամական խմբի ձեւավորման աշխատանքներին եւ վստահություն հայտնել, որ բարեկամական խումբը նշանակալի դերակատարություն կունենա հայ-ղազախական խորհդարանական համագործակցության ամրապնդման գործում:
Զրույցի ընթացքում Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը միջազգային հարթակներում եւ գնահատել ղազախ գործընկերների հետ աշխատանքը տարբեր կառույցներում՝ ԱՊՀ ԽՎ-ում, ՀԱՊԿ ԽՎ-ում` ընդգծելով, որ այդ բնագավառում ներուժը մեծ է եւ կարելի է ավելի սերտ փոխգործակցել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Արա Բաբլոյանն ընդգծել է ԵԱՏՄ դերը երկու երկրների տնտեսական հարաբերությունների համակարգման եւ զարգացման, համատեղ ծրագրերի իրականացման գործում:
Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ նշել, որ Ղազախստանը նպատակ ունի զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր բնագավառներում:
Թիմուր Ուրազաեւն անդրադարձել է նաեւ ապրիլին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին եւ նշել, որ Ղազախստանից այցելած դիտորդները բարձր են գնահատել ընտրությունների կազմակերպչական մակարդակը:
Դեսպան Ուրազաեւը շնորհակալություն է հայտնել նախորդ գումարման խորհրդարանում գործած Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամներին եւ պատրաստակամություն հայտնել աշխատելու նոր ձեւավորվող խմբի անդամների հետ, քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մշակելու համագործակցության զարգացման նոր ուղիներ: