Ռեկորդներ՝ Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս խաղի ընթացքում
Հունիսի 4-ին Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում 5:0 հաշվով հաղթեց Սենթ Քիթս և Նևիսի հավաքականին: Հանդիպման ընթացքում թարմացվեցին մի շարք ռեկորդներ: Նախևառաջ, Հայաստանի ազգային հավաքականը տարավ պատմության մեջ ամենախոշոր հաշվով տնային հաղթանակը: Մինչ այդ ամենախոշոր հաշվով տնային հաղթանակը գրանցվել էր 2010 թ. հոկտեմբերի 12-ին՝ Անդորրայի հավաքականի հետ խաղում (4:0):
Արթուր Պետրոսյանը դարձավ Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ առաջին գլխավոր մարզիչը, ով հաղթանակ տարավ հավաքականը գլխավորելուց հետո մեկնարկային երեք խաղերում անընդմեջ:
Հենրիխ Մխիթարյանի յուրաքանչյուր հաջորդ գոլ հավաքականում նոր ռեկորդ է: 21-րդն ու 22-րդը Հենրիխը խփեց երեկվա խաղում:
Հավաքականի կազմում իրենց առաջին գոլերը խփեցին Ռուսլան Կորյանն ու Արտակ Եդիգարյանը, իսկ նորամուտը նշեցին Նարեկ Ասլանյանն ու Արմեն Մանուչարյանը: Հավաքականի կազմում հոբելյանական 10-րդ և 30-րդ հանդիպումներն անցկացրեցին համապատասխանաբար Արսեն Բեգլարյանը և Արաս Օզբիլիսը:
Վերջապես, առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ «Ալաշկերտի» միանգամից 4 ֆուտբոլիստներ հանդես եկան հավաքականի մեկնարկային կազմում: