Մի քանի տարի առաջ Սեյրան Օհանյանը ոնց որ թե ուշքի էր եկել…Վովա Վարդանով
Ազատամարտիկ, հետախույզ, ռազմական փորձագետ Վովա Վարդանովն այս պահին պատերազմի սրացման միտում չի տեսնում: «Ես տեսնում էի աշնանն ու գարնանն ակտիվանալու տեմպեր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս նշեց, որ ապրիլյան քառօրյայից հետո թե ՊՆ-ն, թե պետությունը վերջապես ձեռքները տարան գրպաններն, ու այսօր մեծ քանակությամբ սարքավորումներ ունեն, որոնք անհնար է դարձնում գաղտնի մոտենալը դիրքապահին:
Վովա Վարդանովը ցավով նկատեց, որ մենք այդպես էլ նախաձեռնող կողմ չենք հանդիսանում: «Եթե նախաձեռնող կողմ լինես, հակառակորդը ստիպված է լինելու հարվածային գունդը բաժանել դիրքերի մեջ ու այլևս չի ունենա այդ հարվածային բռունցքը: Իրենց ակտիվացման գործողությունները դու տեսնելու ես մի քանի օր առաջ, մեր պասիվությունն ու մշտական իրենց տալ նախաձեռնող կողմի հնարավորությունը սխալ է, ես միշտ եմ դա սխալ համարել: Սխալ է տալ գնդակը ու ասել` թշնամու կիսադաշտում է:
Հիմա մենք այդ հիմարությունն արել ենք, արդյունքում հարվածներ կերանք 93-94-ի ձմռանը, հիմա էլ շարունակվում է: Մի քանի տարի առաջ Սեյրան Օհանյանը ոնց որ թե ուշքի էր եկել, հրաման ստորագրեց կանխագելիչ հարվածների, բայց ոչ մի անգամ չկատարվեց, որովհետև մեր հասարակությունն ու նախարարությունը պաշտպանողական մտածելակերպ ունեն»,-կարծում է ազատամարտիկ հետախույզը: