Պատգամավոր, ռեկտոր, դասախոսներ, ուսանողներ՝ հեծանվորդներ
Պատգամավոր, ռեկտոր, դասախոսներ, ուսանողներ՝ հեծանվորդներ. Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) բակից հունիսի 4-ին մեկնարկեց «Առողջ բժիշկ» ծրագրի շրջանակներում անցկացվող դեպի «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան հեծանվաարշավը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի կողմից իրականացվող այս հեծանվավազքով եզրափակվեց «Առողջ բժիշկ» ծրագիրը, որի ընթացքում և՛ դասախոսները, և՛ ուսանողները մասնակցեցին ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի մրցաշարերի:
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կարեն Ավագյանը նկատեց, թե տարբեր առիթներով բավականին երկար ու շատ խոսում ենք առողջ ապրելակերպի քարոզչության մասին, բայց ծրագրերի մեջ դրանք տեսակարար կշռով այդքան էլ շատ չեն լինում. «Դրա համար մենք ուզում ենք այս ծրագրերը դարձնել ավելի տեսանելի, ավելի շատ, որպեսզի իրականում մեր ուսանողությունը, երիտասարդությունն առողջ ապրելակերպը դարձնի իր առօրյան, կենսակերպը: Եվ նման ծրագրերն ուղղակի ցույց են տալիս, որ անկախ տարիքային խմբից, մարդիկ կարող են առողջ ապրելակերպի քարոզարշավին մասնակցել: Այդ ծրագրերի հիմնական առանցքն այն է, որ մենք մեր օրինակով ցույց տանք, որ դա հնարավոր է Երևանում, մեր երկրում և ոչ միայն հեծանվավազքը, այլև առավոտյան մարմնամարզությունը, վազքը, որոնք նույնպես առողջ ապրելակերպի մաս են»:
Կարեն Ավագյանն առանձնացրեց այն, որ կառավարության ծրագրում առողջապահական հատվածի մեջ հստակ ձևակերպված է առողջ ապրելակերպի գաղափարախոսությունը, որը պետք է դարձնենք կենսակերպ ոչ միայն երիտասարդների, ուսանողների համար, այլև մեր քաղաքացիների և ընդհանրապես բնակչության համար:
ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Ալեքս Հովհաննիսյանը նշեց, որ այս ակցիայի նպատակն է քարոզել առողջ ապրելակերպ հասարակության շրջանում. «Մենք քարոզում ենք չծխել, փորձում ենք նպաստել, որպեսզի ուսանողների մոտ ծնվի ցանկություն մշտապես, ոչ թե միանգամյա հեծանվաարշավներ կազմակերպել»:
Մինչև Զվարթնոցի տաճար հասնելը ուսանողները կանգառներ կատարեցին: Հերթական կանգառին ԵՊԲՀ բուժական ֆակուլտետի ուսանողուհի Մանե Թադևոսյանը համոզմունք հայտնեց, որ մինչև տաճար անպայման հեծանվով է գնալու. «Այդքան էլ դժվար չէ. ճանապարհը հարթ է: Հեծանիվ քշել շատ եմ սիրում, ուստի չէի կարող առիթը բաց թողնել: Մեկ-մեկ նույնիսկ դասի գնալուց կամ տուն վերադառնալուց էլ եմ հեծանիվ քշում»:
Նշենք, որ Զվարթնոցի թանգարան-արգելոցում ուսանողների համար էքսկուրսիա կազմակերպվեց. երիտասարդները ծանոթացան տաճարի պատմությանը: