Արցախում զորավարժություններ են ընթանում
Մայիսի 29-ից հունիսի 5-ը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության 2017թ. պատրաստության պլանի համաձայն, հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկի եւ ենթակա զորամասերի ներգրավմամբ մեկնարկել է մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն, որի ընթացքում հաշվի են առնվել ինչպես ապրիլյան առճակատման օրերին տեղի ունեցած մարտական գործողությունների առանձնահատկությունները, այնպես էլ հակառակորդի հավանական գործողությունների բնույթը:
Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ հունիսի 2-ին տեղի ունեցած մարտական հրաձգության փուլը, որին հետեւել է նաեւ Արցախաի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը, նպատակ ուներ ստուգելու անձնակազմի գործողությունները մարտի ժամանակ, նրանց նախապատրաստումը թշնամու զինված խմբավորումները ջախջախելու համար:
Զորամասին օգնության հասած միավորման հրետանային ստորաբաժանումների փոխգործակցությկան շրջանակում թշնամու կրակակետերի խոցման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելուց հետո, ստորաբաժանումները պաշտպանությունից անցել են հակագրոհի եւ վերականգնել առաջնագիծը: Միաժամանակ հակառակորդի հետագա առաջխաղացումը կասեցնելու եւ մտադրությունները ձախողելու նպատակով մարտի մեջ են մտցվել զրահատանկային ուժերը եւ գրագետ գործողությունների շնորհիվ պայմանական մարտադաշտում պատվով կատարել իրենց առջեւ դրված խնդիրը:
Զորավարժությունների ավարտին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն, որի ընթացում աչքի ընկած մի խումբ զինծառայողներ միավորման հրամանատարության կողմից արժանացել են շնորհակալագրերի, կրծքանշանների ու թանկարժեք նվերների: