Մեր խոստումները կգերակատարենք. Սուրեն Կարայան
«Ներդրումներ բերելու վերաբերյալ նախընտրական խոստումները մենք կկարողանանք ապահովել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
«Բոլոր այն խոստումները, որոնք մենք տվել ենք և դա վերաբերվում է տնտեսության զարգացմանը, ոչ միայն կկատարենք, այլ նաև կգերակատարենք: Դրա մասին վկայում են այն թվերը, որոնք հրապարակում են Վիճակագրական ծառայությունները»,- ընդգծել է Կարայանը:
Նախարարի փոխանցմամբ՝ 3-4 ամիսների ընթացքում 460 մլն-ից մոտ 130-140 մլն ներդրում արդեն իրականացված է:
Հարցին, թե ի՞նչ գումարներ են Հայաստանից տանում ներդրողները, Կարայանը պատասխանեց, որ դա կապիտալի արտահոսք չի կարելի անվանել:
«Վիճակագրությունը՝ կապված օտարերկրյա ներդրումների հետ հրապարակել է երկու ցուցանիշ՝ օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը և օտարերկրյա ուղղակի ներդրումների ցուցանիշը: Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը բացասական է, ինչը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ բազմաթիվ կանխավճարներ են իրականացվել ներդրումային ծրագրերի շրջանակներում, որպեսզի հիմնական միջոցներ գան ՀՀ: Եվ դա երևում է որպես բացասական: Իսկ ուղղակի ներդրումների ներհոսքը դրական է՝ 19.7 մլրդ-ի կարգի»,- եզրափակել է նախարարը: