Անբարոյականություն է. Առավոտ
Ժամանակին դատավորների, դատախազների աշխատավարձը բարձրացրեցին, որպեսզի կոռուպցիոն ռիսկերի չգնան, ըստ ձեզ, դա իր արդյունքը տվե՞ց, թե՞ չէ, որովհետեւ հասարակական ընկալումը դատավորների նկատմամբ նույնն է: Այսօր մեր այս հարցին նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Ես կառանձնացնեի դատավորների կոռուպցիայի դեմ պայքարի սխեմաները իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչներից, որովհետեւ դատավորների կողմից կոռուպցիոն դրսեւորումները իրենց հիմքում այլ՝ ավելի խորը արմատներ ունեցող հարցեր ունեն, ոչ միայն սոցիալական ապահովությունն է:
Մենք ունենք իրավիճակ, որ եթե դու ունենաս դատավորի շատ բարձր աշխատավարձ, դա ինքնին չի նշանակում կոռուպցիայի բացառում, կարող է դա նվազեցնել կոռուպցիոն վարքագծի դրսեւորման ռիսկը, բայց բացառել անհնար է»: Լրագրողների հարցին՝ դուք եղել եք գլխավոր դատախազ եւ հնչում է տեսակետ, որ ձուկը գլխից է հոտած, երբ դատավորները, դատախազները կաշառք են վերցնում, կիսվում են կամ մեծ չափաբաժինը տալիս են վերեւներին, սա որքանո՞վ է համապատասխանում իրականությանը՝ Գեւորգ Կոստանյանը պատասխանեց, որ ձուկը գլխից է հոտում ասացվածքը չի վիճարկում, բայց վստահեցրեց՝ իր պաշտոնավարման ժամանակ իր հետ չեն կիսվել.
«Եթե կա որեւէ մեկը եւ կլինի, որ իմ պաշտոնավարման ժամանակահատվածի համար կասի, որ դատախազը կաշառք է վերցրել կամ դա վերեւներին է տվել, դաժե անգամ եթե նման հայտարարություն լինի, ես պատրաստ եմ ինքս միջնորդեմ՝ քրեական գործ հարուցեմ փաստի կապակցությամբ»: Նա ասաց, որ երբ ինքը գլխավոր դատախազ է եղել, բազմիցս քննարկումներ են եղել՝ դատախազները կաշառք վերցնո՞ւմ են, թե՞ ոչ.
«Եթե հիշում եք, ես ինքս քրգործ հարուցեցի եւ դատի տվեցի մի շարք փաստաբանների, որոնք փող էին վերցրել մեղադրյալներից կամ իրենց պաշտպանյալներից կամ գործի մասնակիցներից, այսպես ասած՝ դատախազին փոխանցելու նպատակով: Այսինքն, ինքս այդ պրոցեսը սկսեցի: Միշտ կարելի է քավության նոխազ ասել, բայց մամուլի գրելու համար պետք է որեւէ հիմք:
Եթե մամուլը ծանոթ լիներ այդ բոլոր ապացույցներին եւ այնտեղ կես հատ ապացույց կլիներ, որ դա իրոք փոխանցվել է կամ նպատակադրվել է փոխանցել դատախազին, ես այդ ժամանակ եթե այդ դատախազին չպատժեի իր վերադասով, ես ինքս արդեն բարոյական իրավունք չէի ունենա այսօր այս մասին խոսել: Ես կաշառքի անթույլատրելիությունը միշտ տեսել եմ ոչ միայն օրենքի արգելքի տեսանկյունից, ես դա դիտել եմ եւ դիտում եմ՝ որպես անբարոյականություն: Իսկ անբարոյականությունից բխող վարքագիծը, անկախ նրանից, թե ում կողմից է դրսեւորվում, դա անբարոյականություն է՝ իր էությամբ: Ես փորձում եմ շատ մեղմ այդ մասին արտահայտվել»:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում :