Սխալ է մտածել, որ եթե բոլոր կուսակցությունները միավորվեն, կհաղթեն ՀՀԿ-ին
«Ես առաջարկը մամուլից գիտեմ, բայց դրա մասին պաշտոնական տեղեկություն որպես այդպիսին չունեմ, հետևաբար նաև չենք քննարկել դաշինքում»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչպես են վերաբերում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկին՝ միավորվել մեկ կուսակցության մեջ արտախորհրդարանական տարբեր ուժերի հետ, ասաց «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը:
«Մենք պատրաստ ենք արտախորհրդարանական բոլոր ուժերի հետ համագործակցելու, նրանց նախաձեռնությունները քննարկումների արդյունքում բերելու այս շենք, այս դահլիճ, նաև ներկայացնելու նրանց մոտեցումները, եթե դրանք կհամընկնեն մեր մոտեցումների հետ: Այսինքն՝ պատրաստ նենք խողովակ հանդիսանալ: Մնացածը՝ կուսակցություն դառնալ և այլն, ուղղակի տպավորություն է, որ եթե բոլոր կուսակցությունները հավաքվեն, դառնան մեկ կուսակցություն, կհաղթեն ՀՀԿ-ին, իրականում իրողությունները հաշվի չառնող տպավորություն են»,-հավելեց Մարուքյանը:
Վերջինս նկատեց, որ բոլոր կուսակցությունները չեն էլ կարող միավորվել, քանի որ տարբեր գաղափարներ ունեն:
Ինչ վերաբերում է դաշինքի պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հայտարարությանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական դիակ է, նա նկատեց, որ այդ հայտարարությունը մի քիչ կոշտ է եղել: «Ես այդպես չէի արտահայտվի»: