«Երազելու տեղ չմնաց»
«Նույնիսկ Դավիթ Հարությունյանի՝ արդարադատության նախարար նշանակվելուց հետո կարելի է ասել՝ կառավարության կազմում ոչինչ չի փոխվել: Տարիներ շարունակ՝ այս նույն կազմով Կառավարությունը ի՞նչ է անում Հայաստանում… Պետք չէ իմաստուն լինել բոլոր բացթողումները հասկանալու կամ թվարկելու համար: Ստացվում է՝ վարչապետը ներկայացնում է իբրև թե նոր Կառավարություն՝ ոչ մի նոր բան, ոչ մի նոր դեմք չբերելով», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Ելք» դաշինքի ընտրացուցակով Երևանի ավագանու անդամ ընտրված Անահիտ Բախշյանը:
Վերջինս շեշտեց՝ նոր գաղափար ու նոր հույսեր էլ չկան, որ, ենթադրենք, քաղաքացին մտածի՝ այս մարդը որ նոր է Կառավարության կազմում հայտնվել, միգուցե, ինչ-որ բան փոխվի:
«Վարչապետի հետ ժողովուրդը հույսեր էր կապում: Ես էլ էի մտածում, որ վարչապետն իր հետ նոր Կառավարություն կբերեր, բայց նրա բերած կառավարությունը, ցավոք, մեզ չի թողնում անգամ, որ երազենք: Այո՛, երազելու տեղ էլ չմնաց: Մենք այդ մարդկանց գործունեությունը տեսել ենք, և այդ գործունեությունը ո՛չ թարմանում է, ո՛չ էլ արդյունավետությունն է ավելանում, ո՛չ էլ ստեղծագործական տեսլականը… անձամբ ես այս նոր Կառավարության հետ ոչ մի հույս չեմ կապում», – նշեց Անահիտ Բախշյանը: