Արթուր Ալեքսանյանն ու Նազիկ Ավդալյանը հանդիպել են վիրավոր զինվորներին
Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանը մայիսի 28-ին «Հերացի» N1 հիվանդանոցային համալիրի բակում հանդիպել են վիրավոր զինվորներին՝ միասին նշելու Հայաստանի առաջին հանրապետության օրը։
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայ մարզիկները զրուցել են զինվորների հետ, պատասխանել նրանց հարցերին։
Օլիմպիական չեմպիոնը կարևորել է նման հանդիպումները և վերականգնողական փուլում գտնվող զինվորներին շուտափույթ ապաքինում մաղթել.
«Նրանց շնորհիվ է, որ մենք այսօր կանգնած ենք մեր հողի վրա։ Նրանք մեր հերոսներն են, պետք է հպարտանանք նրանցով»,- ասել է Արթուր Ալեքսանյանը։
Նազիկ Ավդալյանը նույնպես առողջություն է ցանկացել զինվորներին, ասելով, որ աղոթքներում հիշում է նրանց։
Հանդիպմանը ներկա էին նաև ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը.
«Մենք անելու ենք հնարավոր ամեն բան՝ նրանց առողջանալու և ակտիվ կյանք վերադառնալու համար։ Կան բազմաթիվ ծրագրեր։ Օրինակ, տղաներին վերականգնել տարբեր մարզաձևերի միջոցով»,- նշել է Հրաչյա Ռոստոմյանը։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն էլ հայտնել է, որ նմանատիպ միջոցառումներ անցկացվում են գրեթե ամեն օր.
«Առանձնահատուկ է, երբ այս տղաների ներկայությամբ ենք մեկս մյուսին շնորհավորում մայիսի 28-ի առթիվ։ Խորհրդանշական է, որ մեր չեմպիոնների հետ հադիպումը հենց այս հիվանդանոցի բակում է, քանի որ այստեղ ստեղծվում է զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն»,- ասել է Արմեն Մուրադյանը։