«Հյուսիս-հարավ» ու հայ-չինարեն բառարան
Նախորդ տարվա հունիսից մեկնարկել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ (18,7 կմ) և Լանջիկ-Գյումրի (27,5 կմ) ճանապարհահատվածների շինարարական աշխատանքները:
Այս հատվածում աշխատանքները կազմակերպելու համար Մարալիկ քաղաքի մոտ փոքր թաղամաս հիմնվեց, որտեղ ապրում են շինարարաները: Նշենք, որ նրանց մեծ մասը չինացիներ են, ճանապարահաշինարարների ղեկավարները` ևս:
Լանջիկ գյուղի մոտ հիմա ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում: Բայց լանջիկցիները դժգոհում են. «Հյուսիս-հարավը» կառուցում են, բայց իրենց տեխնիկայով քանդում են Լանջիկի ճանապարհը, մեր հողերի վրայով կէրթան, կուգան»:
Լանջիկցիները իրենց բողոքը արտահայտել են չինարեն ու հայերեն, երկու կողմն էլ բողոքվում են, բղավում, թարգմանիչ չկա /նրան հազվադեպ կարելի է տեսնել այս հատվածում/, ու իրար չեն հասկանում:
Ստիպված լանջիկցիները որոշել են սովորել չինարեն:
Հայ-չինարեն բառարանը ձեռքներին գնում են չինացու մոտ բացատրելու, որ «Հյուսիս-հարավ»-ի ճանապարհաշինարարների տեխնիկան չմտցնեն գյուղ, իրենց դաշտերի միջով են անցնում, հողն ու բերքը վնասում:
«էն հողերը, որոնք վերցրել են, պայմանագիր ունենք, եթե իրանց ավելի շատ հող էր պետք, թող էդ էլ վերցնեին, մեր դաշտերի միջով կանցնին, ձմեռն էլ հողի երեսի շերտը քերել, հանել էին, էլ էդ հողից բերք կէղնի: Իսկ ճանապարհի վրա վաբշե փոխհատուցում չկա»- Henaran.am-ի հետ զրույցում դժգոհում է Լանջիկի բնակիչ Արշակ Առաքելյանն ու ասում, որ ստացել է, որոշակի փոխհատուցում, բայց պայմանն եղել է այն, որ տեխնիկան հեռացնեն իր հողերի մոտից, որը սակայն չի պահպանվել, ու այդպես էլ հաշտության չեն եկել չինացի շինարարների հետ:
Հիշեցնենք, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2018 թվականի տարեվերջին, 2019 թվականի տարեսկզբին:
ԱԶԲ-ի 100 միլիոն դոլար վարկն ուղղվեց Թալին-Լանջիկ հատվածի (18,7 կմ) վերակառուցմանն ու տեխնիկական հսկողությանը, իսկ 72 մլն. եվրոյի համաձայնագրի շրջանակներում իրականացվելու է Լանջիկ-Գյումրի հատվածի (27,5 կմ) վերակառուցումը:
Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: