Բացառիկ տեսանյութ գեներալ Մանվելի որդիների ուղղությամբ կրակոցների միջադեպից /տեսանյութ/
Անցած տարի՝ Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ տեղի ունեցավ բռնությամբ և կրակոցներով զուգորդված հայտնի միջադեպը, որ դատաքննությունը ընթանում է 2016 թվականի դեկտեմբերի 10-ից: Միջադեպի առանցքում Էջմիածնի գործող քաղաքապետ, այդ պահին քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանն էր, որի մեքենայի ուղղությամբ, ըստ այդ պահի լուրերի, կրակել էր մյուս թեկնածուն՝ Արթուր Թումանյանը:
Օրերս մամուլում տարածվեց տեղեկատվություն, թե դատական նիստերը անցնում են ակնհայտ ճնշումների ներքո:
«Էջմիածնում վախի մթնոլորտ է, ու որևէ մեկը ռիսկ չի անում գալ ու ցուցմունք տալ քաղաքապետի, նրա ընտանիքի ու նրանց մերձավորների դեմ»,- «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է Արթուր Թումանյանի պաշտպանը՝ Արմինե Հարությունյանը:
«Լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը ոչ մի առնչություն չունի օբյեկտիվ իրականության հետ: Դատական պրոցեսը ընթանում է նորմալ, շատ լոյալ միջավայրում: Որևէ մեկի նկատմամբ ճնշում, կամ ինչպես ներկայացվել էր վախի մթնոլորտ գոյություն չունի: Վկաները դժվարությամբ են ներկայանում դատարան, բայց ազատորեն ցուցմունքներ են տալիս»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ամբաստանյալ Կարեն Արմենակյանի պաշտպան Հրանտ Անանյանը:
Անանյանը նկատեց, որ որոշ մարդիկ ցուցմունքներ են տալիս հենց Մանվել և Կարեն Գրիգորյանների դեմ, որը արժանահավատ է, թե ոչ՝ կորոշի դատարանը:
«Անձամբ ինձ համար դրանք արժանահավատ չեն, բայց սա վկայում է , որ դատավարությունը առանց չնշումների է ընթանում»,-ընդգծեց պաշտպանը:
Հրանտ Անանյանը ներկայացրեց և մեկնաբանեց մի տեսանյութ, որտեղ պարզ երևում է, որ Արթուր Թումանյանի մեքենան՝ Կարեն Գրիգորյանի մեքենային բախվելուց հետո չի կանգնել: սա նշանակում է, որ Արթուր Թումանյանը չէր կարող զենք խլել Կարեն Գրիգորյանի մեքենայում գտնվողներից:
Այս պահի դրությամբ կա երեք ամբաստանյալ՝ Կարեն Արմենակյանը, Արսեն Կարապետյանը և Արամ Գրիգորյանը:
Մեղադրանքի էությունը այն է, որ ամբաստանյալները ծեծի են ենթարկել Արթուր Թումանյանին և Ստեփան Աբգարյանին:
Henaran.am-ը փորձեց կապ հաստատել տուժող Ստեփան Աբգարյանի պաշտպան՝ Միհրան Պողոսյանի և Արթուր Թումանյանի պաշտպան Արմինե Հարությունյանի հետ: Սակայն մեր հեռախոսազանգերը անպատասխան մնացին:
Նշենք նաև, որ Ստեփան Աբգարյանը վերջին նիստերին չի ներկայացել դատարան:
Մանրամասերը՝ տեսանյութերում:
https://www.youtube.com/watch?v=JeGBQJNRk5M&feature=youtu.be