Հակասություն Կառավարության որոշման մեջ. օրենքը տարբեր կերպ են կարդում
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Ջրային կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը ներկայացրեց Ոռոգման ջրամատակարարման ոլորտում ջրի փաստացի օգտագործումը հաշվի առնող կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին հարցը: Ըստ Արսեն Հարությունյանի՝ սա կլուծի համակարգում առկա խնդիրները: Ներկայացնելուց հետո Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը խնդրեց 2 լրացուցիր օր տրամադրել Արդարադատության նախարարության տեսակետի և կոմիտեի հետ քննարկման համար:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը, սակայն, նկատեց, թե ավելի ճիշտ կլինի ներկայացնել, թե որն է խնդիրը. «Բնապահպանության նախարարությունը պահանջում է, որ այս հայեացակարգն անցնի ՇՄԱԳ (շրջակա միջավայրի ազդեցության գնահատական): Մենք քննարկել ենք կոմիտեում այս հարցը, հանձնարարել ենք Արդարադատության նախարարությանը ներկայացնել իրենց տեսակետը, թե արդյոք պետք է, որ այս հարցն անցնի ՇՄԱԳ: Մեր կարծիով՝ բացարձակապես դրա կարիքը չկա, որովհետև չի համարվում օրենքով նախատեսված հիմնադրույթային փաստաթուղթ ջրային տնտեսության բնագավառին վերաբերող»,-ասաց Դավիթ Հարությունյանը ու հավելեց, որ Արդարադատության նախարարությունն էլ է նման որոշում ընդունել:
Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ 6 ամիս ժամկետ է տրամադրվելու մկիջոցառումների կատարման համար, ու սա բավական ժամանակ է այդ փորձաքննության անցկացման համար: Նախարարն ասաց, որ օրենքի շրջանակներում էլ պիտի այդ փորձաքննությունն անցկացվի, ու սա օգտակար կլինի:
Վարչապետը համաձայնեց 2 օր ժամանակ տալ կոնստրուկտիվ, պրագմատիկ որոշում ընդունելու համար: «2 օրը չի նշանակում, որ ՇՄԱԳ-ով անցնելու է»,-ասաց վարչապետը:
Ապա Տարածքային կառավարման և զարգացման նախարարի ԺՊ Դավիթ Լոքայանն առաջարկ արեց, որ Արդարադատության նախարարությունն էլ անդրադառնա այս հարցին, քանի որ ըստ օրենքի՝ բոլոր փաստաթղթերն էլ պիտի անցնեն ՇՄԱԳ-ով: Արծվիկ Մինասյանն ասաց, թե օրենքն այդպես է սահմանում, իսկ վարչապետն արձագանքեց. «Օրենքը տարբեր մարդիկ տարբեր կերպ են կարդում, թող Արդարադատության նախարարությունն էլ կարդա, որ բոլորը նույն ձևով կարդան»:
ԲՆ ԺՊ-ը դիտարկում արեց, թե օրենքի կիրառող մարմինը իրենց նախարարությունն է, ու իրենց կարծիքն էլ պիտի հաշվի առնվի: Ի վերջո, եկան եզրակացության, որ Արդարադատության նախարարությունն էլ կդիտարկի հարցը, ապա կներկայացնի իր հիմնավոր կարծիքը: