Կարևորը վարչապետի ինքնագնահատականն է
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, արդեն նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի ներկայացմամբ` եթե մի կողմից հետևենք լրահոսին, ապա պարզ է դառնում, որ վարչապետն աշխատում է ավելի շատ, քան նախատեսված 8 ժամը: «Անընդհատ հանդիպումներ են լինում, բայց եթե նայում ենք արձագանքներին, ապա ինքն էլ է ասում` հանձնարարականներս պիտի կատարեք, չի կարելի կիսատ կատարել, այսինքն
` ինքը հասկանում է, որ իր տված հանձնարականներն ամբողջովին չեն կատարվում»,-Henaran.am-ի հարցին, թե արդյոք դրական փոփոխություններ նկատում է Կառավարության ու վարչապետի աշխատանքում, պատասխանեց Պողոսյանը:
«Արդյունքի տեսակետից հանրությունը ոչ մի փոփոխություն իր վրա դեռ չի զգում, ինձ ավելի շատ հետաքրքրելու է հենց իր սեփական գնահատականը կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ, արդյոք ասելու է, թե այս ամիսների ընթացքում ինչ են կատարել, թվային իմաստով են ներկայացնելու, թե որակական գնահատական է տալու, քանի գաղափար է ասելու, որ առաջին ծրագրի քննարկման ժամանակ քննադատվել է կամ ներկայացվել է , դրանից հետո միգուցե կարող է խոսել դրականի կամ բացասականի մասին»,-հավելեց Թևան Պողոսյանը:
Վերջինս շեշտեց, որ Կառավարության արդյունքը գնահատելիս պարզապես կարելի է ասել, որ տեխնիկական ակտիվությունը իրական արդյունքների չի բերում: «Ակտիվության իմաստով պակասություն չկա, բայց արդյունքի առումով դեռ դրական ասելիք չեմ գտնում կյանքի որակի իմաստով»,-նկատեց նա:
Նախկին պատգամավորը ցավում է, որ մինչև այժմ համակարգային փոփոխություններ չեն եղել, և Կառավարությունն էլ դեռ ասում է, որ քաղաքական չէ: «Ես ուրախ կլինեի վարչապետից լսել քաղաքական գնահատականներ բոլոր բացասական երևույթների նկատմամբ, որ առկա են մեզ մոտ: Օրինակ, երբ ինքը նոր նշանակվեց վարչապետ, հոկտեմբերին պիտի կայանային ՏԻՄ ընտրություններ, և ես խորհրդարանում իմ ելույթում ասել էի, որ սա էլ փորձություն, թե ինչ գնահատական կտա այդ ընտրություններին Կարեն Կարապետյանը:
Այն, ինչ տեսնում ենք, լավ հմտություններ են, բայց վարչապետը քաղաքական խնդիր է, ու առաջնորդության խնդիր է»,-եզրափակեց նա: