Ռուսաստանը Հայաստանին զենք է վաճառում հատուկ գնով /տեսանյութ/
«Պաշտպանական քաղաքանության նպատակը ՀՀ պաշտպանության ոլորտի երաշխավորված ապահովումն է, ՀՀ հուսալի պաշտպանության համար ազգային և միջազգային երաշխիքների ստեղծումն է»,- այսօր ՝մայիսի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:
Այվազյանը անդրադարձավ ՀՀ ՊՆ ռազմաքաղաքական հարաբերություններին ու միջազգային ռազմական համագործակցություն հետ կապված հարցերին:
«Պաշտպանական քաղաքականության առաջին ուղղությունը ռազմաքաղաքական հարաբերությունների ուղղությունն է, որտեղ մեր հիմնական նպատակն է մեր դաշնակցային և գործընկերային համաչափ և հավասարակշռված զարգացումը և դրանով իսկ մեր արտաքին բարենպաստ միջավայրի ապահովվումը: Այդ նպատակով մենք հարաբերություններ ենք զարգացնում յոթ-ութ միջազգային կազմակերպություների, երկկողմ ձևաչափով 25-ից ավելի պետությունների հետ: Հանդիսանալով ՀԱՊԿ անդամ՝ գործընկերություն ենք զարգացնում նաև Հյուսիս-Ատլանտյան դաշինքի հետ, լինելով ռազմավարական դաշնակից երկիր ՌԴ-ի հետ՝ մենք միաժամանակ լայն գործընկերային համագործակցություն ունենք ԱՄՆ-ի հետ, ԵԱՀԿ շրջանակներում մեր համագործակցությունը շատ է կարևորվում, հաշվի առնելով նաև այն, որ այդ կազմակերպության շրջանակներում է կարգավորվում նաև ԼՂՀ-ի հացը»,-նշեց Այվազյանը:
Այվազյանը կարևորեց նաև հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման, համատեղ ՀՕՊ հերթապահություն իրականացնելը և ՀԱՊԿ ուժերի, խաղահապահ ուժերի զարգացումը.«Առաջնահերթ ուշադրություն է դարձվում նաև զինված ուժերի մարտական պատրաստվածությանը և վերապատրաստմանը: Մեր զինծառայողները վերապատրաստվում են շուրջ 15 երկրներում»:
Այվազյանի խոսքով՝ կան հատուկ համաձայնագրեր, որոնք մեզ թույլ են տալիս ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն իրականացնել՝ հատուկ պայմաններով, որը ենթադրում է սպառազինությունների, ռազմական տեխնիկայի գնումներն անել հատուկ գներով. « Կարողանում ենք ձեռք բերել ՌԴ-ի ներքին գներով: Այն գները, որոնք գործում են ՌԴ-ի բանակի համար, նույն գները ՀՀ-ի համար են գործում»,- եզրափակեց ՊՆ պաշտոնյան: