Մենք իշխանություններին տալիս ենք հումանիտար ճանապարհ` նահանջելու (տեսանյութ)
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը երեկ հետևել է ընտրատեղամասերում առկա իրավիճակին և արձանագրել է, որ 14.05.2017թ. 01:20 –ի դրությամբ որոշ ընտրատեղամասերում չհրկիզվող պահարանները բացակայում են տեսանելի վայրից` տեսախցիկների տեսադաշտից: Այս մասին այսօր իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողներին հայտնեց կուսակցության առաջնորդ ու Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը: «Այս երևույթը դիտարկում ենք որպես ՀՀ ընտրական օրենքի խախտում և ունենք մտավախություն, որ հանցագործության հետքերը թաքցնելու համար սերվերների վրայից կհեռացվեն հանցակազմ պարունակող տեսագրությունները»,-ասաց նա:
Ըստ քաղաքապետի թեկնածուի` որևէ մեկը ճնշված ու կաշկանդված չպիտի լինի քվեարկելիս: «Ցնցումներ մեզ պետք չեն, և այս ճանապարհն ենք մենք տալիս իշխանությանը, որ ինքը հեռանա: Այդ հումանիտար ճանապարհը մենք իրենց տրամադրում ենք»,-հայտարարեց նա:
Եթե այսպես չլինի, ապա «Երկիր Ծիրանիի» առաջնորդը հետընտրական զարգացումների կգնա: «Դուք ինձ լավ եք ճանաչում»,-ասաց նա ու հիշեցրեց, թե ինչ հաջողություններ ու պարտություններ է ունեցել: «Մենք ունենալու ենք և նախադեպ, և հաղթանակ, որը կարող է մեկնարկել այսօր: Մենք կարող ենք անցնցում, առանց զոհերի, առանց կորուստների անցնել այս ճանապարհը: Իրենց էլ կոչ ենք անում այս ճանապարհով հեռանալ: Եթե չեն հեռանում, ազգային դիմադրության գործընթացն է սկսվելու: Այն արդեն սկսվել է, շարունակվելու է: Այլ ճանապարհ մեզ չեն թողել, եթե չենք ազատվում այս բռնազավթիչներից, ապա անխուսափելի է դառնում մեր ազատությունը»,-կարծում է Զարուհի Փոստանջյանը: