15-20 օրվա ընթացքում փոսալցման աշխատանքները կավարտվեն. նախարար (տեսանյութ)
«Իջևանի միջպետական ճանապարհի փակվելու խնդիրը կապված չէր ճանապարհների վիճակի հետ: Այնտեղ ուրիշ հարցեր են բարձրացնում: Ճանապարհի որակը երկրորդական խնդիր էր: Այն ավելի շատ վերաբերում էր միջպետական ճանապարհի կողքի շինությունների դիմացը բետոնե արգելափակոցները հանելուն»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ խոսելով մայիսի 10-ին իջևանցիների կողմից Իջևանի միջպետական ճանապարհի փակվելու պատճառներին:
Նախարարը նշեց, որ արդեն աշխատանքներ են ընթանում, 15-20 օրվա ընթացքում փոսալցման աշխատանքները կավարտվեն:
Վահան Մարտիրոսյանն ընդգծեց, որ նաև Հաղարծինի հատվածում երեկվանից սկսվել է կապիտալ շինարարություն, և 10 օրվա ընթացքում այդ աշխատանքն էլ կավարտվի:
Հարցին, թե ինչու ժամանակին չի արվել, նա պատասխանեց. «Եղանակի պատճառով, ցեխի պատճառով հնարավոր չի եղել ավելի վաղ անել: Հնարավորության սահմաններում արվում է: Ես ներկայացրել եմ, որ Հայաստանում ճանապարհների բարեկարգման համար անհրաժեշտ է մոտ 500 միլիարդի ծրագիր, տարեկան 100 միլիարդ դրամ: Իհարկե, հնարավորությունները սահմանափակ են, անում ենք մաքսիմալ չափով»:
Վահան Մարտիրոսյանը նշեց նաև, որ շուտով կայանալու է նաև Հյուսիս-Հարավի պատասխանատուների հետ կառավարությանն առընթեր կառավարման խորհրդի նիստ: «Հիմա աշխատանքները շարունակվում են: Իսպանակա ու չինական ընկերություններին ժամանակ է տրված, որ վերսկսեն իրենց աշխատանքները: Մայիսի վերջ, հունիսի սկիզբ կլրանա այդ ժամանակը, կանդրադառնանք:
Դանդաղ է գնում աշխատանքը»: Պատճառն էլ, ըստ նախարարի, եղանակն ու իրենց ներքին խնդիրներն են` կապալառուների միջև հարաբերությունները: