Ակնկալում ենք 10 հազար աշխատատեղ ստեղծել. Սուրեն Կարայան (տեսանյութ)
«Գործընթացը գնում է, ներկայումս ծրագրեր են ուսումնասիրվում և մոտ ժամանակներս արդեն հստակ ու կոնկրետ առաջարկներ էլ կլինեն»,-այսօր` Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Ըստ նրա` ներդրումներ կլինեն վերականգվող էնեգետիկայի ոլորտում: «Ներդրումների մասով այն թվերը, որոնց մասին հայտարարել ենք, այդքան էլ կլինեն: Արդեն սկսվել են ծրագրեր իրականացվել: Մոտ ժամանակներս կլինի վիճակագրություն, որը կհրապարակի օտարերկրյա ներդրումների մասին հստակ թիվ»,-նշեց նախարարը:
Նախարարը նշեց, որ ներդրումների ազդեցությունը բնակչությունը կզգա, երբ որ աշխատատեղեր ստեղծվեն, իսկ իսկ աշխատատեղեր արդեն ստեղծվում են:
«Ունենք մոտ 70 ներդրումային ծրագիր, մոտ 95 միլիարդի ներդրումային ծրագեր են նախատեսվում իրականացնել տարբեր ոլորտներում: Բացի դրանից հայտարարել էինք 7 հազար աշխատատեղ ստեղծելու մասին, բայց այս տարվա մեջ ակնկալում ենք 10 հազար աշխատատեղ ստեղծել», – նշեց Ս. Կարայանը՝ հավելելով, որ 35 ներդրումային ծրագրերի կառավարությունն արդեն հավանություն է տվել և պետական օժանդակություն է ցուցաբերելու: