«Ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել»
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ
Հայրենական մեծ պատերազմի հարգելի վետերաններ,
սիրելի համաքաղաքացիներ,
մայիսի 9-ը մեր ժողովրդի համար փառավոր հաղթանակների օր ու կրկնակի տոն է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս:
Պատմության ընթացքում հայը բազմիցս է ապացուցել, որ կարողանում է խաղաղ, ստեղծագործ առօրյան թողնել և կենաց ու մահու պայքար մղել նրանց դեմ, ովքեր փորձում են խախտել մեր խաղաղ կյանքի ընթացքը: Մեծ հայրենականի տարիներին դա ապացուցեցին նաև մեր պապերը՝ իրենց կյանքի գնով հաստատելով, որ հնարավոր չէ հաղթել հայրենիքը, հարազատ տունն ու օջախը պաշտպանող զինվորին: Եվ ա՛յս օրը՝ մայիսի 9-ը, նախ և առաջ նրանց արյան գնով ձեռք բերված հաղթանակի օրն է, որին բոլորս մեծ սիրով, հարգանքով ու խոնարհումով ենք վերաբերվում:
Տասնամյակներ անց հայ մարդը նորից թողեց խաղաղ աշխատանքն ու դարձավ Հայրենիքի պաշտպան՝ երկրապահ ու զինվոր: Եվ ուղիղ 25 տարի առաջ, իրենց պապերի հաղթանակներով ոգեշնչված, հերոսացան նաև Մեծ հայրենականը հաղթածների ժառանգները՝ ազատագրելով Արցախի հինավուրց մայրաքաղաք Շուշին և հերոսական նոր էջ գրեցին հայ ժողովրդի պատմության մեջ:
Սիրելի վետերաններ,
երախտիքի մեր խոսքն ուղղելով անցյալի և մերօրյա փառահեղ հաղթանակները կերտած հերոսներին, նաև խոնարհվելով զոհվածների հիշատակի առջև, մեր ժողովուրդը յուրովի վերահաստատում է, որ ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել: Հավերժ փառք բոլոր հերոսներին: