Մայիսի 5-ը Հարկադիր կատարողի օրն է
Այսօր` մայիսի 5-ին, Հարկադիր կատարման ծառայությունը նշում է իր կազմավորման 19-րդ տարեդարձը: Արդեն 5-րդ տարին անընդմեջ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մայիսի 5-ը նշվում է նաև որպես Հարկադիր կատարողի օր: Այս կապակցությամբ Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է հանդիսավոր ու տոնական միջոցառումների շարքը:
Ընդլայնված կազմով խորհրդակցության մեկնարկից առաջ տեղի է ունեցել նորանշանակ 9 հարկադիր կատարողների երդման հանդիսավոր արարողությունը: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը շնորհավորել է Ծառայության շարքերը համալրած աշխատակիցներին՝ ստանձնած պատասխանատու պաշտոնում նրանց մաղթելով հաջողություններ, եռանդ ու ոգևորություն՝ անշեղորեն կատարելու ծառայողական պարտականությունները տված երդմանը համապատասխան։
Երդման արարողությանը հաջորդել է պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որից առաջ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանդես է եկել շնորհավորական ուղերձով ու Ծառայության բոլոր աշխատակիցներին մաղթել միայն նորանոր ձեռքբերումներ, հաջողություններ, առողջություն, երջանկություն, մեր երկրին՝ խաղաղություն:
Ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար Ծառայության թվով 97 աշխատակիցներ արժանացել են խրախուսանքների ու պարգևների:
ՀՀ արդարադատության նախարարի հրամանով <<Հարկադիր կատարման ծառայության պատվավոր աշխատող>> կրծքանշանով պարգևատրվել է Ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վահե Մովսիսյանը:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով <<Անբասիր ծառայության համար>> մեդալով են պարգևատրվել Ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն ու Արմավիրի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Ալեքսանդր Համբարձումյանը:
Հարկադիր կատարման ծառայությունը կազմավորման 19-րդ տարեդարձի կապակցությամբ շարունակում է շնորհավորական գրություններ և ուղերձներ ստանալ ինչպես Ծառայության հայաստանյան, այնպես էլ միջազգային գործընկերներից: