Գլխավոր դատախազը հանդիպել է Ծառուկյանին եւ Հովիկ Աբրահամյանին
Վարդան Օսկանյանի գործով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանդիպում է ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ պատգամավոր Վարդան Օսկանյանի հետ: Այս մասին քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազը` ի պատասխան ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի` հարցին:
“Ոչ միայն պարոն Օսկանյանի հետ, նաեւ հանդիպել եմ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Երկու հանդիպումն էլ տեղի է ունեցել այստեղ` ԱԺ-ում, Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակում եւ նրա ներկայությամբ: Քանի որ Վարդան Օսկանյանը ցուցմունք չի տալիս եւ իր դիրքորոշումը չի արտահայտել նախաքննական մարմնի կողմից իրեն առաջադրված հարցերի վերաբերյալ, ցանկություն առաջացավ, որ նա ներկայացնի գլխավոր դատախազին եւ այստեղ` ԱԺ նախագահի ներկայությամբ` փաստաթղթեր նախաքննական մարմնին, որոնք կհիմնավորեն իր անմեղությունը:
Ես պատրաստակամորեն այդ փաստաթղթերն ընդունեցի եւ հանձնեցի նախաքննություն իրականացնող մարմնին եւ հանձնարարեցի, որ Վարդան Օսկանյանի իրավաբան ներկայացուցչի միջոցով այդ փաստաթղթերը ձեւակերպվեն օրինական ձեւով, ինչպես պահանջում է ՀՀ Քր. դատ. Օրենսգիրքը` ձեւակերպել քրեական գործում”,-տեղեկացրեց Աղվան Հովսեփյանը:
Աղվան Հովսեփյանը նշեց, որ պատրաստակամորեն այդ փաստաթղթերն ընդունել եւ նախաքննական մարմնին է հանձնել եւ պահանջել է, որ Օսկանյանի իրավաբան ներկայացուցչի միջոցով ներկայացված փաստաթղթերը ամրագրվեն քրեական գործին օրինական ձեւով:
Նա շնորհակալություն հայտնեց Օսկանյանին այդ համագործակցության համար եւ նշեց, որ Վարդան Օսկանյանին ներկայացրել է նաեւ իր անձնական հաշվեհամարի շարժը, որը իրավունք չկար պահանջել եւ պետք է կատարվեր միայն դատարանի թույլտվությամբ : “Այդ շարժերից նույնպես երեւում է, որ 181 հազար դոլարը նա օգտագործել է անձնական նպատակներով”,-նշեց Աղվան Հովսեփյանը:
ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` Արտակ Զաքարյանի դիտարկմանը, թե տեսակետներ են հնչում, որ այս ողջ գործընթացը սկսվեց Օսկանյանի` քաղաքականություն մտնելուց հետո, գլխավոր դատախազը պատասխանեց, թե “այս ամենը ուսումնասիրվել է մինչ Վարդան Օսկանյանի` քաղաքականություն մտնելը”: