Պատժվում են. ոստիկանապետը` Սեյրան Օհանյանից եւ պահքից /տեսանյութ/
Քիչ առաջ իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ ոստիկանապետ, գեներալ Վլադիմիր Գասպարյանը։ Ընտրությունից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ քվեարկել է հանուն խաղաղության, կայունության։ Հարցին, թե հաշվի առնելով նախընտրական ժամանակաշրջանում մի քանի խախտումները՝ ինչպիսի՞ ընտրություն է սպասվում, ոստիկանապետը պատասխանեց․
«Ես կարծում, որ այս պահքի ու պատասխանատու ժամանակաշրջանում հայի վերջին խելքը միշտ աշխատելու է, եւ ամեն ինչ նորմալ է ընթանալու»։ Գասպարյանի խոսքով` այնպես չէ, որ այս անգամ ոստտիկանությունը նոր մարտավարություն է որդեգրել, ընդամենը կան որոշ առանձնահատկություններ, որոնց վրա ուշադրություն է դարձրել ոստիկանությունը։ «Բայց այնպես, որ ինչ-որ նոր բան կա մեր ծառայության մեջ, ոչ»:
Ինչ վերաբերում է ընտրակաշառքների մասին լուրերին, ապա Վ. Գասպարյանն ասաց, որ մարզերում հանդիպումներից մեկի ժամանակ խոսել է դրանից:
Դիտարկմանը, թե շատ է ասվում, որ թաղային հեղինակություններն են ներգրավված լինում այդ գործընթացում, ինչը ոստիկանությունը չի կարողանում վերահսկել, ՀՀ ոստիկանապետն արձագանքեց. «Դե հիմա կտեսնենք կարողանում են թաղային հեղինակությունները, թե չեն կարողանում»:
Henaran.am-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ու մասնավորապես այդ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանի հայտարարություններին, թե իրենք պատրաստ են հետընտրական զարգացումների, փողոց դուրս գալու, նա պատասխանեց.
«Ես չեմ կարծում, որ արկածախնդրությունը տեղ ունի մեր պետությունում: Նորից եմ ասում պահքի ժամանակահատվածը խաղաղության ժամանակահատված է, և ցանկացած այլ դրսևորումներ, արկածախնդրություններ պատժվում են ոչ միայն օրենքով, այլև…»:
Վ. Գասպարյանը հայտարարեց, որ ոստիկանությունը պատրաստ է «ամեն ինչին»՝ միաժամանակ ակնկալելով խաղաղ ընտրություն:
https://www.youtube.com/watch?v=odi5SpCB8JY&feature=youtu.be