Արկածախնդրություն է․ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը /տեսանյութ/
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջին համար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նախօրեին հյուրընկլվել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարին։ Պատասխանելով հարցին, որ լուրեր են պտտվում, որ իրենց դաշինքը պայմանավորվել է իշխանությունների հետ, որպեսզի խորհրդարանում տեղեր ունենա, ճիշտ է դա արդյոք, բանախոսն ասել է, որ իրենք սատարում են իշխանություններին բացառապես Ղարաբաղի հարցում։
«Այս հարցում մենք,այո՛, սատարում ենք Հանրապետական կուսակցությանը, Սերժ Սարգսյանին, Էդիկ Նալբանդյանին, ողջ կառավարությանը, որովհետև դա ամբողջ կառավարության ծրագիրն է, թող ոչ ոք չփախչի: Այո՛, մենք սատարում ենք, բայց միայն այս հարցում: Ուրիշ ոչ մի հարցում մենք Հանրապետական կուսակցության հետ ճանապարհ գնալու մտադրություն չունենք: Մենք եղել ենք ՀՀԿ-ի, Սերժ Սարգսյանի ամենախիստ քննադատները: Գտեք մեր ելույթները 2007 թվականից սկսած»,- ասել է նա։
Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է նաեւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին ու ասել, որ դրա առաջնորդները՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը անազնիվ են իրենց ընտրողների նկատմամբ։
«Վարդան Օսկանյանը հանդիսանալով Մադրիդյան սկզբունքների հայրը», դաշինքի նախընտրական ծրագրում չի ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման որևէ տարբերակ։ Լուծում չկա, շատ հրաշալի ցանկություններ են, ճշգրիտ, նույնիսկ մեր տերմիններից են օգտվել։ Վարդան Օսկանյանն իրեն համարել է «Մադրիդյան սկզբունքների հայրը», բայց իրենց ծրագրում ոչ մի լուծում չկա, ինչո՞ւ ծրագրում չկա լուծում, այդ ինչպե՞ս պատահեց, մադրիդյան սկզբունքները խո՞րթ են, հիմա դարձել է խո՞րթ հայր», – ասել է նա։
Խոսելով ԼՂ հարցում բանակցային գործընթացից՝ Տեր-Պետրոսյանն ասել է, որ իր համար Ղարաբաղի հարցը միշտ է եղել այժմեական իր համար։ Նա նշել է նաեւ, որ ղարաբաղյան հարցի չկարգավորված լինելն է Հայաստանում բոլոր չարիքների հիմնական պատճառը՝ թշվառություն, կոռուպցիա, արտագաղթ, անհայր մեծացող երեխաներ:
«Լիարժեք ընտանիք Հայաստանում չի մնացել, մեր երեխաների մեծ մասն առանց հայր է մեծանում, դա շատ ծանր հոգեբանական հետևանք է ունենում երեխաների վրա»,-ասել է նա: