10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Որտեղ կլինի Սերժ Սարգսյանը 2018-ից հետո․ Հայկական Ժամանակ

2018-ին նախագահի լիազորությունների ավարտից հետո Սերժ Սարգսյանը ցանկանում է Հայաստանի պաշտպանության նախարարը լինել: Դա կլինի երրորդ անգամը նրա կենսագրության մեջ. Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար է եղել 1993-1995 եւ 2000-2007 թվականներին:

Շաբաթ օրը Արցախում ունեցած ելույթում Սարգսյանը ուղիղ տեքստով ասել է, որ նման ցանկություն ունի: «…Այս օրերին, երբ քննարկվում է, թե ում պետք է վստահել Հայաստանի զարգացման ղեկը գալիք հինգ տարիների համար, յուրաքանչյուր ոք պարտավոր է իրեն հարց տալ, իսկ ո՞վ կարող է կազմակերպել պաշտպանությունը, որ հնարավորություն ունենա զարգացում ապահովելե,- ասել է Սարգսյանը:

Բնականաբար, նա նկատի չունի ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանին: Եթե նույնիսկ հաղթանակի դեպքում Կարապետյանը մնա վարչապետի պաշտոնում, նա զարգացում ապահովողն է լինելու: Պաշտպանություն կազմակերպողը Սերժ Սարգսյանն է, իսկ պաշտպանություն կազմակերպելու համար պաշտպանության նախարարից ավելի արդյունավետ պաշտոն գոյություն չունի:

Սերժ Սարգսյանը շատ բարձր է գնահատում իր հնարավորությունները հայ ժողովրդի անվտանգությունն ու պաշտպանությունը ապահովելու գործում: Նա իրեն նկարագրում է որպես գերագույն գլխավոր հրամանատար, որը յուրաքանչյուր զինվորի մահը ծանր ապրումներով տանելով, հաջորդ պահին ամենայն սառնասրտությամբ հարձակման նոր հրաման է տալիս: Նա գտնում է, որ ինքն այնքան ուժեղ է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ կարողացել է խնայել մարդկային կյանքերը եւ տուրք չտալով քաղաքական սպասվող հարվածներին, համաձայնել է զինադադարին, քաջ գիտակցելով, որ դեռ մեկ-երկու բլուր հետ վերցված չեն: Մինչդեռ` կարող էր եւս 100 հոգու կյանքի գնով դրանք ետ բերել: Նա խոստանում է այդ մեկ-երկու բլուրը հաջորդ անգամ հետ վերցնել, թեեւ հնարավոր է, որ դա մենք այդպես էլ չիմանանք: Պարզվում է` Սարգսյանը մինչեւ հիմա էլ ինչ-որ տարածքներ է վերցրել, ինչի մասին համեստորեն լռել է:

Ըստ Սերժ Սարգսյանի, ինքն է այն ուժեղ առաջնորդը, որ պետք է մեր անվտանգությանը: Նա ասում է, որ թեեւ երբեք չի պլանավորել, սակայն միշտ հայտնվել է այնտեղ, որտեղ ավելի շատ է պետք եկել երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը: Եւ եթե իր գլխավորած քաղաքական ուժը հաղթի այս ընտրություններում, 2018-ից հետո էլ ինչ-որ կարգավիճակում իր դերը կունենա ժողովրդի անվտանգության ապահովման հարցում։

«Այսօր մենք պիտի հասկանանք… որ ապրիլի 2-ին մենք մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանողներ ենք ընտրում, մենք համազարկի, հարձակման եւ հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տվողներ ենք ընտրում… Ընտրում ենք, թե ում հրամանատարության ներքո են այս տղաներն ավարտելու իրենց ծառայությունը, հաջորդները ծառայելու, ովքեր են պաշտպանելու մեր մանուկների անհոգ ուսման իրավունքն ու մեր մեծերի մայրամուտը։ Հասկանու՞մ ենք արդյոք մենք սա, թե՞ ոչ, բայց քվեատուփին մոտենալիս ուղղակի պարտավոր ենք հասկանալե,- ասել է նա։

Սարգսյանը իրականում բազմաթիվ անհայտներով հավասարում է առաջադրել: Ապրիլի 2-ին մարդիկ կարող են ընտրել ՀՀԿ-ին: Բայց այդ դեպքում ո՞ւմ հրամանատարության ներքո են այսօրվա զինվորները ավարտելու իրենց ծառայությունն, իսկ հաջորդները ծառայելու: Կամ` ովքե՞ր են լինելու համազարկի, հարձակման եւ հետ քաշվելու հրաման տվողները: Երբ ընտրողը ապրիլի 2-ին մոտենա քվեատուփին, չի կարող այս հավասարումը լուծել կամ լուծել այնպես, ինչպես Սերժ Սարգսյանն է ցանկանում:

Դասական կանոններով երկու տարբեր պաշտոնների մասին է խոսքը` պաշտպանության նախարարի եւ երկրի ղեկավարի` վարչապետի, որը նոր Սահմանադրությամբ գերագույն գլխավոր հրամանատարն է:

ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է, պաշտպանության նախարարը` Վիգեն Սարգսյանը: Ոչ մեկը, ոչ էլ մյուսը մեր ժողովրդի անվտանգությանն անհրաժեշտ ուժեղ առաջնորդը չեն: Այդ առաջնորդը Սերժ Սարգսյանն է, որի անունը, սակայն, ՀՀԿ ցուցակում նույնիսկ չկա:

Արցախում ունեցած ելույթով Սարգսյանը օգնում է լուծել հավասարումը եւ հուշում է, որ ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում ինքը կլինի Հայաստանի Պաշտպանության նախարարը: Սակայն սա դեռ ամբողջը չէ: Նրա խոսքերից չի երեւում, որ այդքանը բավարար է: Հայ ժողովրդի անվտանգությունը լիարժեք ապահովելու համար նա պետք է նաեւ շարունակի գերագույն գլխավոր հրամանատարը լինել:

Ինչպես մեկ անգամ արդեն գրել ենք, ՀՀԿ-ն, այս իմաստով, վարչապետի իդեալական թեկնածու ունի` ներկայում Պաշտպանության նախարար, ՀՀԿ ցուցակի առաջնորդ Վիգեն Սարգսյանը: Ըստ Սերժ Սարգսյանի պլանների, 2018-ից հետո Վիգեն Սարգսյանը կդառնա վարչապետ, իսկ ինքը պաշտպանության նախարար:

Բնականաբար Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի գերագույն գլխավոր հրամանատարը չի կարող լինել, արտաբերելն անգամ անհարմար է: Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կլինի երկուսը մեկում` պաշտպանության նախարար-գերագույն գլխավոր հրամանատար: Եւ այդժամ հայ ժողովուրդը կշարունակի գլուխը հանգիստ բարձին դնել, վստահ լինելով, որ իր անվտանգությունը կրկին ուժեղ ձեռքերում է:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ