Հաստագլուխները հարամում են
«Քարոզարշավը մեր քաղաքական մշակույթի բաղկացուցիչ մասն է, ուստի քարոզարշավն էլ ընթանում է քաղաքական զարգացումների դինամիկային զուգահեռ: Անշուշտ, էական առաջընթաց կա մեր քաղաքական մշակույթի մեջ. առաջադեմ բանավեճային կուլտուրա է ձևավորվել, ու դա եղել է նաև մամուլի շներհիվ:
Բայց ՀՀ-ում քաղաքական դաշտը հեռու է զարգացած դեմոկրատիայի մակարդակից, ավելին, շատ հեռու է: Դրանում, կարծում եմ, պետությունն է մեղավոր, քանի որ պետությունը ևս այդ մշակույթի կրողն է: Իշխող կուսակցություններն էլ մեծ դերակատարում ունեն դրանում», – Henaean.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ ընդգծելով՝ մեր քաղաքական դաշտում անհանդուրժողականության մթնոլորտ կա:
«Իշխանությունները միշտ մեղադրել են իրենց օպոնենտներին ու ընդդիմությանը անհանդուրժողականության մեջ, բայց հենց իրենք են եղել անհանդուրժող, իսկ ընդդիմության կողմից եղել է միայն պատասխան ռեակցիա: Մամուլի դերը ևս պետք է մեծապես կարևորել, քանի որ մամուլը պետք է կարողանա վերը նշված բացերը իր թիրախում պահել ու ջանա դրական դինամիկա ապահովել: Մեր մամուլը, անկասկած, ունի այդ պոտենցիալը. հայ լրագրողներին ու մամուլին պետք է արժանին մատուցել:
Քարոզարշավի ընթացքում տեսանք բռնության դեպքեր, բայց ես այդ ամենը մեր քաղաքական մշակույթի հետ չեմ ուզենա նույնացնել, քանի որ դանակահարությամբ չեն զբաղվել քաղաքականության մեջ եղածները: Դրանք եղել են հաստագլուխ խավեր, որոնք ներթափանցել են մեր քաղաքականություն: Իսկ այդ հաստագլուխների պատվիրատուները օլիգարխներն են ու իշխանությունները: Մենք տեսնում ենք, որ այդ ռեյտինգային համակարգը հանգեցրեց նրան, որ գզվռտոցները շատանան: Այս ռեյտինգայինը այլ բան չէր, քան տուրք տալ թաղային հեղինակություններին, կրիմինալ էլեմենտներին, որոնք հարամում են մեր քաղաքական դաշտը», – եզրափակեց քաղաքագետը: