Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ ՄԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքը
Մարտի 27-28-ը Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մեկնարկել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Հայկ Բաբուխանյանը, Նաիրա Կարապետյանը, Տաճատ Վարդապետյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը:
Մարտի 27-ին տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության եւ ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայկական պատվիրակության ղեկավար, վերոնշյալ հանձնաժողովների փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը եւ Նաիրա Կարապետյանը:
Նիստը վարել են ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ Մաուլեն Աշիմբաեւը եւ ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի նախագահ Յեյսեն Մոգենսը: Նիստին քննարկվել է ահաբեկչության ֆինանսավորման հակազդման եւ ԴԱԻՇ գործունեության դեմ պայքարում ԵԽԽՎ եւ ԱՊՀ երկրների խորհրդարանների մասնակցության ընդլայնման հարցը: Հնչել են բազմաթիվ ելույթներ: Զեկույցով հանդես է եկել Հերմինե Նաղդալյանը: Նա կարեւորել է նման համատեղ, միջազգային երկու հարթակներում ներկայացված մասնակիցների հանդիպումները, որոնք նպաստում են միասնական ջանքերով ահաբեկչության դեմ պայքարին:
Նույն օրը տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ բոլոր՝ Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Գիտության եւ կրթության, Իրավական, Ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի, Պետական շինարարության փորձի ուսումնասիրման ու տեղական ինքնակառավարման, Էկոնոմիկայի եւ ֆինանսների, Վերահսկիչ-բյուջետային, Պաշտպանության եւ անվտանգության եւ Մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովների նիստերը:
Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության նիստին մասնակցել են հայկական պատվիրակության ղեկավար, վերոնշյալ հանձնաժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, այդ թվում «ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 25-ամյակի մասին» ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հայտարարության մասին» հարցը, որի վերաբերյալ հայկական պատվիրակությունը ներկայացրել էր առաջարկություններ, որոնք ընդունվել են:
Մարտի 27-ին տեղի է ունեցել նաեւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Խորհրդի նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Ի թիվս այլ հարցերի, նիստի օրակարգում ընդգրկված է եղել «ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 25-ամյակի մասին» ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հայտարարության մասին» հարցը:
ԱՊՀ ՄԽՎ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
ԱՊՀ ՄԽՎ գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր, նույն հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը:
ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի հարցերով մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:
ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Վերահսկիչ-բյուջետային հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը:
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստից հետո ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ 46-րդ լիագումար նիստին: Նիստի ընթացքում քննարկվել եւ ընդունվել են ավելի քան 21 մոդելային օրենքներ, զեկույցով հանդես է եկել ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Նա ներկայացրել է «ԱՊՀ անդամ երկրների երիտասարդ գիտնականների միջեւ համագործակցության մասին» առաջարկությունները, որոնք ընդունվել են: Վերոնշյալ փաստաթուղթը մշակվել էր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում:
Լիագումար նիստի արդյունքներն ամփոփվել են մամուլի ասուլիսում, որին մասնակցել է ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Լրագրողների հարցերը հիմնականում առնչվել են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 25-ամյակին:
Նույն օրը երեկոյան տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ 25-ամյա հոբելյանին նվիրված մի շարք հանդիսավոր միջոցառումներ:
Խորհրդանշական եւ կարեւոր իրադարձություն էր ՀՀ խորհրդարանի կողմից ԱՊՀ ՄԽՎ-ին Ռուսական կայսրության Պետական դումայի պատգամավոր Միքայել Փարաջանյանի կիսանդրու նվիրատվությունը, որը համընկնում էր ԱՊՀ ՄԽՎ 25-ամյա հոբելյանի հետ: Միջոցառմանը մասնակցում էին տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարներ, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, այլ պատվավոր հյուրեր:
Կիսանդրու բացմանը ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա մանրամասն ներկայացրել է Միքայել Փարաջանյանի կենսագրությունը եւ ավանդը պետական-քաղաքական գործում:
Վալենտինա Մատվիենկոն իր հերթին շնորհակալություն է հայտնել հայ-ռուսական դարավոր բարեկամությունը խորհրդանշող արժեքավոր նվերի համար:
Մարտի 27-ին տեղի է ունեցել նաեւ ԱՊՀ ՄԽՎ 25-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ, որի ընթացքում ելույթ է ունեցել Հերմինե Նաղդալյանը: Շնորհավորելով գործընկերներին՝ նա բարձր է գնահատել ԱՊՀ ՄԽՎ դերն ազգային օրենսդրության ներդաշնակեցման, մոդելային օրենսդրության, փորձի փոխանակման, համաժողովների եւ միջոցառումների, ինչպես նաեւ, քաղաքական կյանքին կանանց մասնակցությանը վերաբերող հանդիպումների կազմակերպման գործում: Տիկին Նաղդալյանը կարեւոր եւ հիշարժան իրադարձություն է համարել Կանանց եվրասիական համաժողովը, որին մասնակցել է նաեւ կանանց պատվիրակությունը Հայաստանից: Հերմինե Նաղդալյանն ընդգծել է ԱՊՀ ՄԽՎ նշանակալի դերն անդամ պետությունների խորհրդարանների հարաբերություններում, բարձր գնահատել մի շարք նախաձեռնություններ, որոնց թվում նաեւ «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ», «Առողջ քաղաքներ», «Անվտանգություն ճանապարհներին», «Եվրոպան առանց բաժանարար գծերի», «Երիտասարդ խորհրդարանականներ» եւ այլն: Հերմինե Նաղդալյանը կարեւորել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի զգալի ներդրումը տարածաշրջանի տնտեսական ինտեգրացիոն գործընթացներում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում:
Հերմինե Նաղդալյանն առանձնահատուկ ընդգծել է Վեհաժողովի բացառիկ խաղաղարար գործունեությունը, որի գլխավոր արդյունքներից է կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը՝ ստորագրված Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 1994 թվականին:
Նիստի ավարտին տեղի է ունեցել ավանդույթ դարձած պարգեւատրման արարողությունը: