Մուտք՝ դեպի 2 միլիարդ ռուբլիանոց շուկա
Հայկական կողմի նախաձեռնությամբ մարտի 24-ին Երևանում անցկացվեց ԵԱՏՄ անդամ պետությունների կապի և հեռահաղորդակցության ոլորտի գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցական նիստ:
Հանդիպման նպատակը տեղեկատվական – հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմանն ու տեղեկատվայնացմանն առնչվող հարցերի քննարկումն էր: Որոշվեց ստեղծել լիազորված մարմին, որը կունենա պարբերական հանդիպումներ ու կքննարկի ԵԱՏՄ անդամ – պետություններում թվայնացման գործընթացներին առնչվող հարցեր:
Նիստի շրջանակներում առաջին անգամ նախարարների մակարդակով քննարկվեցին այս ոլորտին առնչվող արդիական խնդիրներ:
«Շնորհակալ եմ գործընկերներիս արդյունավետ խորհրդակցության համար: Մի շարք կարևոր որոշումներ ընդունեցինք այսօր»- նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Քննարկվեց այն հարցը, թե ինչ ձևաչափով է շարունակվելու լիազոր մարմնի աշխատանքը:
«Եկանք եզրակացության, որ անհրաժեշտ է ձևավորել աշխատանքային ձևաչափ և, ամենայն հավանականությամբ, մյուս խորհրդակցությանը մենք կներկայացնենք առաջարկություններ, թե ինչպես կարելի է առաջ շարժվել: Կարևորը համաձայնության եկանք, որ անհրաժեշտ է պարբերաբար հանդիպել, մտքեր փոխանակել և վեր հանել այն հարցերը, որոնք վերաբերում են տեղեկատվական – հեռահաղորդակցական տեխնոլոգիաներին և ԵԱՏՄ տարածքում թվային օրակարգի ձևավորմանը»,- ասաց ԵԱՏՀ Կոլեգիայի (նախարար) անդամ Կարինե Մինասյանը:
ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովն ընդգծեց, որ ամբողջ աշխարհում անընդհատ աճում է ինտերնետ օգտագործողների թիվը, մեծանում է էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը, ավելի ու ավելի շատ ապրանքներ գնվում և վաճառվում են համացանցի միջոցով, էլեկտրոնային են դառնում շատ գործընթացներ:
«Մեր խմբի խնդիրն է՝ այդ գործընթացները կարգավորել նաև միջպետական մակարդակով, որպեսզի հնարավոր լինի գործնական շփումներ իրականացնել ԵԱՏՄ անդամ – պետությունների միջև, վաճառել ապրանքներ և ծառայություններ, ընդ որում` դրանք իրականացնելով էլեկտրոնային եղանակով»,- նշեց Նիկոլայ Նիկիֆորովը:
ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցության նախարարի խոսքով` ոլորտը կարգավորող ռուսաստանյան օրենսդրության մեջ 2014 թվականին կատարվեցին փոփոխություններ, որոնք ՌԴ-ում պետական գնումների մասնակցության հարցում լրացուցիչ առավելություն էին տալիս ծրագրային ապահովումներ մշակող ռուսական ընկերություններին: Քննարկվել է այդ սահմանափակումը վերացնելու հարցը:
Նախարար Վահան Մարտիրոսյանը ընդգծեց, որ սպասվող օրենսդրական նոր շտկումներից հետո ՌԴ տարածքում պետական գնումներին կկարողանան մասնակցել նաև ծրագրային ապահովումներ մշակող ընկերություններ ԵԱՏՄ անդամ մյուս պետություններից:
«Դա հնարավորություն կտա ԵԱՏՄ անդամ պետությունների ՏՏ ընկերություններին մուտք ունենալ 2 միլիարդ ռուբլիանոց շուկա»,- նշեց Նիկոլայ Նիկիֆորովը:
Նախարարների հաջորդ խորհրդակցությունը պլանավորվում է անցկացնել ապրիլին Մինսկում:
Թվայնացման օրակարգի քննարկում է նախատեսվում նաև մայիսի վերջին ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն