Պուտինի ճաշակով չի
«Քարոզարշավի ընթացքում հանդիպում են մարդիկ, որ օրինակ են բերում հարևան Վրաստանն ու հարցնում` մի՞թե մենք արժանի չենք նման կյանքի, ապրիլյան պատերազմն էլ դրան գումարած, հիմա հասարակության աչքերը բավական բացված են: Հասարակությունը գիտի, որ այլևս ուժեղ պետություն ունենալն է անվտանգության երաշխիքը, և այս կտրվածքով չի ապավինում ոչ Ռուսաստանին, ոչ որևէ մեկին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներից» առաջադրված պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանն ի պատասխան հարցին, թե արդյոք հայ հասարակության համար ընդունելի չեն արևմտյան արժեքներին գաղափարակից ուժերը
` հաշվի առնելով, որ հարցումները ցույց են տալիս, որ իրենց, ինչպես նաև «Ելքի» ձայները քիչ են լինելու:
Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ դա ամենևին էլ այդպես չէ, իրենք բավական պատկառելի ընտրազանգված ունեն, իսկ ռուսական կազմակերպության կողմից արված հարցումները հերթական անգամ ի ցույց են դրել, թե ում չի ցանկանում Ռուսաստանը տեսնել խորհրդարանում: «Նախ մեր ընտրողները միշտ խուսափել են ասել, թե ում են ընտրում, բայց նրանք ընտրության ժամանակ իրենց քվեով զարմացրել են բոլորին, օրինակ` ես գիտեմ, որ իմ, Անահիտ Բախշյանի ընտրողներն այդպիսին են, և այս կտրվածքով եթե անգամ ռուսական կողմը չի ցանկանա տեսնել խորհրդարանում մի ուժի, որը դնում է Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու խնդիր, մի բան, որ միայն «Ազատ դեմակրատներն» են առաջարկում»,-շեշտեց նա:
Վերջինս հավելեց, որ իրենք առաջադրում են նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում պայմանագրերի վերանայման:
«Իհարկե, չեն ցանկանա տեսնել մի քաղաքական ուժի, որն ասում է, որ Հայաստանի խլված իշխանությունը պետք է վերադարձվի Հայաստանին, պետք է վերանայվեն գազային պայմանագրերը, «Գազպրոմի» մանիպուլյացիայից սկսենք, նաև Իրանից գազի տարանցումն ու մատակարարումը:
Ի՞նչ եք կարծում` Ռուսաստանն ու Կրեմլը կցանկանան նման քաղաքական ուժի տեսնել խորհրդարանում, որն արմատապես փորձում է վերանայել Ռուսաստանի կողմից վերջին տասնամյակներում Հայաստանի գաղութացմանն ուղղված բոլոր որոշումները»,-եզրափակեց նա: