Մարդկային ճակատագրեր` հանուն Հայաստանի Հանրապետության….
Ատենակալներով ու ճաղավանդակներով դատարան
10-12 տարեկան էի ու մինչեւ հիմա հիշում եմ Աշխեն տատիս խոսքերը. “Հարեւան Ջուլիկը խելոք ա, դատարանում ատենակալ ա”: Արդի հայերեն բացատրական բառարանում ատենակալը բացատրված էր՝ “ընտրովի ներկայացուցիչ որեւէ հիմնարկի գործով”:
Ճիշտն ասած, այդ պահին չհասկացա իմաստը: Միայն, երբ հարեւանուհուս` Ջուլիկ տյոտյանին տեսա դատարանում`դատավորի ձախ կողմում նստած՝ գլխի ընկա, որ մեծ պաշտոն է երեւի:
Դպրոցական էինք, “Իրավունք” առարկան նոր էր ներառվել ուսումնական ծրագրերում, գործնական պարապմունք էր եւ դատարան էին տարել: Ճաղավանդակներով փակված տարածքում նստած էր հարեւանի հավաբնից գողություն կատարած 17 տարեկան մի տղա. հարեւանը մոր հետ էր վիճել:
Չեմ հիշում`քանի տարով դատապարտեցին անչափահասին, սակայն “դատարան” հասկացողությունն իմ մեջ տպավորվել էր երեք հոգու լուրջ դեմքով` բարձր թիկնակով աթոռներ, ճաղավանդակներ եւ ձեռանշղթաներով ձեռքեր: Մեկ էլ հիշում եմ դատավորին՝ անընդհատ դիտողություն էր անում վկաներին, որպեսզի նրանք դանդաղ խոսեն, մինչեւ քարտուղարը արձանագրի եւ հարցերին պատասխանելիս նայեն իրեն:
Հիմա արդեն տարիներ անց դատարաններում չկան ճաղավանդակներ, ու դատավորն էլ չի սաստում խոսողներին: Արդեն դատական նիստերը ձայնագրվում են: Աջ ու ձախ կողմերին էլ ատենակալներ չկան:
Նաիրա Պատվականյանը դատավորի քարտուղար էր: Պատմում է, որ տուն էր գնում ձեռքերի ցավից տրտնջալով: “Արագ-արագ սղագրում էի, հետո տանը մաքրագրում` հիշողությամբ, որ հետագայում դատավորը վրաս չխոսա”,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ն. Պատվականյանը: Հիմա ամուսնու փաստաբանական գրասենյակում է աշխատում: “Լսում եմ դատական նիստերի ձայնագրությունը: Ուզում ես առաջ-հետ տուր, պաուզա տուր` հանգիստ: Սա արդեն մեծ բարեփոխում է իմ համար “,-ասաց նա:
Ո՞ւմ համար է բարեփոխվել դատարանը…
Ընդհանուր իրավասության, վերաքննիչ, վճռաբեկ, վարչական, Սահմանադրական դատարաններ. ի՞նչպես են Հայաստանի քաղաքացիները վերաբերում փոփոխություններին, արդյո՞ք նրանք հավատում են Հայաստանի արդար դատարաններին:
Լրագրողական փոքրիկ հարցախույզի արդյունքներով, հարցման ենթարկվածների մեծ մասը, մոտ 48 տոկոսը չի առնչվել դատարաններին: Սակայն կարդալով, դիտելով լրատվամիջոցներով հեռարձակվող դատավարությունները՝ համոզված են, որ առաջընթաց կա: Մի մասը գտնում է, որ դատավորներն ավելի բարեհամբույր են դարձել, ամբաստանյալին չեն նայում որպես հանցագործի:
“Մեկ-մեկ դատավորներ կան, որ համը հանում են, դրանք հեչ”,-նշեցին մեր զրուցակիցները: Մոտ 22 տոկոսը գտնում է, որ ոչ մի փոփոխությունն էլ չկա` նույն համակարգն է հանած կամ գումարած ինչ-որ բաներ: “Գումարելիների տեղերը փոխելուց գումարը նույն է մնում, սաղ էլ նույնն են, մինչեւ վերեւը չասի՝ արդար որոշում չեն կայացնի”,-ասացին հարցվողները:
Նրանց մի մասն էլ գտնում է, որ շատ հաճախ դատավորները պարտադրված եւ քաղաքական որոշումներ են կայացնում:
Փոփոխություններն ակնհայտ են, բայց …
Իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Դավիթ Թումասյանի խոսքով, դատական համակարգի բարեփոխումներն էական են, զգալի եւ ներկայիս դատական համակարգն անհամեմատելի է նախկինի հետ:
”Այժմ դատարանները տեխնիկապես հագեցած են, արդի տեխնոլոգիաների կիրառմամբ դատական նիստերը ձայնագրվում են, ձայնագրությունները հարկ եղած դեպքում տրամադրվում են դատավարության կողմերին, պատճենահանման միջոցով կարելի է շատ արագ ծանոթանալ գործի նյութերի հետ”, – ասաց նա:
Փաստաբանը առանձնացրեց նաեւ դատական կարգադրիչների ինստիտուտը: Նրանք, երբեմն նաեւ ուղեկցող վաշտի ոստիկանության ծառայողների հետ համատեղ, բարձր արդյունավետությամբ դատարանի նիստերի դահլիճում ապահովում են կարգուկանոնը:
Դավիթ Թումասյանն անդրադարձավ նաեւ www.arils.am, www.datalex.am եւ www. court.am կայքերին: Սրանց կիրարկումն անհամեմատ հեշտացրեց փաստաբանների, դատախազների եւ արդարադատության ոլորտում ներգրավված անձանց աշխատանքը:
Այդ կայքերը հնարավորություն են ընձեռում տեղեկանալ օրենսդրական փոփոխություններին, դատական նիստերի ժամանակացույցերին, դատարանի որոշումներին եւ դատավճիռներին (բացառությամբ դռնփակ դատական նիստերի), դատական նիստերի մասնակիցներին, այդ նիստերի հետաձգման պատճառներին եւ այլն:
Միայն թե փոփոխություններով հանդերձ, համակարգը ունի խնդիրներ: Մասնավորապես, փաստաբանն առանձնացրեց որոշ դատարանների ծանրաբեռնվածությունը, օրինակ` ՀՀ վարչական դատարանը, ինչի հետեւանքով գործի քննության ժամկետը երկարաձգվում է:
“Ինչու չէ, մի քանի դատավորներ կամայականնություններ դեռ անում են, եւ իհարկե նրանք ենթարկվում են կարգապահական տույժի: Ի դեպ, արդարադատության խորհրդի նմանատիպ որոշումները հրապարակվում են, եւ արդեն հասարակությունը կարծիք է կազմում այս կամ այն դատավորի վարքագծի մասին”,-շարունակեց Դ. Թումասյանը:
Իրավաբանական գիտությունների թեկնածուի խոսքով ցանկալի չէ datalex.am-ում որոշ հանցագործությունների, մասնավորապես` սեռական կամ երեխաների դեմ ուղղված հանցագործությունների դատաքննության վերաբերյալ տվյալների հասանելիությունը: “Ցանկալի չէ մի պատճառով, քանի որ դա մարդու անձնական կյանքն է, երբեմն նույնիսկ անձնական գաղտնիք հանդիսացող տվյալներ են հրապարկվում”,-ասաց նա:
Դավիթ Թումասյանը միաժամանակ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի մարդու թրաֆիքինգի հարցերով փորձագետն է: Սակայն երբեմն դժվարանում է, մասնագիտական հետաքրքրություն ներկայացնող որոշ գործերի նյութերին ծանոթանալ, քանի որ դատավարությունը դռնփակ է ընթացել:
“Կարծում եմ, անգամ եթե դատավարությունը դռնփակ է, ապա գոնե վճռի եզրափակիչ մասը պետք է տեղադրվի կայքում”, – եզրափակեց Դավիթ Թումասյանը՝ հույս հայտնելով, որ շատ շուտով այս խնդիրները կշտկվեն:
Իբրեւ վերջաբան
Վերջին մեկ-երկու ամիսներին ամենուրեք մեծ ու լայն վահանակները, գովազդային հոլովակներն ազդարարում են դատաիրավական բարեփոխումների մասին: Կառուցվում են դատարանների ընդարձակ շենքեր: Սակայն շարքային քաղաքացուն դա այդքան էլ չի հետաքրքրում:
Քաղաքացին պիտի վստահի արդարադատության համակարգին, պիտի հավատա, որ դատավորը անկախ է եւ վճիռ հրապարակելուց հնչող հանուն Հայաստանի Հանրապետության բառերը հենց այնպես չեն հնչում..
Չէ՞ որ այդ բառակապակցությունը ամեն անգամ հնչեցնելիս՝ մարդու ճակատագիր է, մարդու ապրած եւ չապրած տարիներ….