«Այդ դպրոցների տնօրեններին չի կարելի վստահել մեր երեխաների կրթությունը»
Երեկ sut.am պատբերականը ցնցող նյութ հրապարակեց: «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության աշխատակիցները տևական ժամանակ զանգահարել էին հանրակրթական դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններին և, ներկայանալով «Հանրապետականի շտաբից», հարցեր էին ուղղել նախընտրական ցուցակագրումների վերաբերյալ:
Արդյունքը, ինչպես հայտնի է, ապշեցուցիչ ու ցավալի է եղել:
Անդրադառնալով վերը նշված թեմային՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Անահիտ Բախշյանը նշեց. «Այս դպրոցների տնօրեններին չի կարելի վստահել մեր երեխաների կրթությունը: Ամենակարևորը, ՀՀ կրթության մասին օրենքում ասվում է ՝ դպրոցը պիտի կրթի քաղաքացիներին, իսկ քաղաքացին պիտի ունենա ազատ կամք, քննադատական մտածողություն:
Այդ տնօրենները ուսուցիչներին ուղղորդում են, ուսուցիչներն էլ՝ ծնողներին: Նրանք անօրինականությամբ են զբաղված: Այս երևույթը դեռ վաղուց կար, ուղղակի հիմա ասպարեզ հանվեց: Սա պետական բուրգի անօրեն երևույթների մի մասն է միայն: Դպրոցը ապաքաղաքական մարմին է: Երբ տնօրենին ստիպում են նման բան ասել, նա պիտի ասի՝ ես նման բան անել չեմ կարող: Բայց նրանք պորտալարով կապված են մարզպետի կամ քաղաքապետի հետ, ուստի նրանց ապօրինի հրամաններն են կատարում: Այս դեպքերի մասին ծնողները տանը խոսում են, երեխան էլ ամեն բան տեսնում է և լսում: Եվ այդ երեխան, տեսնելով այդ ամենը, վաղը չի կարող պատասխանատու ու իրավատեր քաղաքացի լինել»: