Մեղքերի ներման աղոթքով
Տե՛ր, չեմ կարող, անհույս լինել, քանզի ողորմած ես և գթած, անճառ փառք խոստացար դարձի եկած մեղավորին, սակայն զարհուրում ու դողում եմ և երկնչում իմ բազում և անթիվ մեղքերից, քանզի պարտվելով խաբվեցի և տարակուսում եմ կյանքից:
Քո առջև եմ ընկնում և թողությո՛ւն հայցում իմ մեղքերին. ընդունի՛ր իմ պաղատանքները և քավի՛չ եղիր հանցանքներիս, պայծառացրո՛ւ և լուսավորի՛ր իմ խորհուրդներն ու միտքը, կարո՛ղ դարձրու իմ մարմինը՝ անդադար Քո սուրբ անվան փառաբանության մեջ մնալու:
Հաղո՛րդ դարձրու ինձ, Տե՛ր, Քո աստվածային սիրուն՝ սիրելու Քո պատվիրանները և գալու Քո ճանապարհով, չարչարվելու մինչ ի մահ Քո անվան համար, մտնելու փառքի մեջ, դասվելու Քո սուրբերի շարքը և միշտ ուրախանալու Քո կամարարների հետ:
Շնորհի՛ր ինձ, Տե՛ր, աչքերի լաց, արցունքների հոսում, մեղքերի սուգ, սրտի երկյուղ, ոսկորների սարսափ և դող տանջանքների ահից, կենաց ճանապարհ և անդադար պաղատանքներ: Փրկիր երևացող և աներևույթ թշնամուց և արժանավորիր գոհությամբ փառավորել Քեզ, Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ հավիտյանս հավիտենից: Ամեն: