Կոտայքում տեղի ունեցած պայթյունի առթիվ քրեական գործ է հարուցվել
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մեկ մարդու մահվան պատճառ հանդիսացած պայթյուն-փլուզման դեպքի առթիվ:
2017թ. մարտի 24-ին՝ ժամը 08:15-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում գործող թթվածնային լիցքավորման կայանում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, որի արդյունքում մահացել է նույն գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Արմենակ Ազարյանը:
Միևնույն ժամանակ ահազանգ է ստացվել նաև «Աբովյան» ԲԿ-ից առ այն, որ «ճակատի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Նոր Գեղի գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Ա. Հարությունյանը, ով հայտարարել է, որ նշված վնասվածքն ստացել է թթվածնային արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պայթած ու բեկորային վնասվածքներով բալոններ:
Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պայթյունի պատճառները, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: