Վարչապետը` Սամվել Բաբայանի ձերբակալությունից
«Սպասենք իրավապահ մարմինների գնահատականին»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն` անդրադառնալով ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ հորդորեց սպասալ իրավապ մարմինների գնահատականներին:
Ըստ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության՝ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։
Կատարված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով։
Ըստ փորձագետի եզրակացության՝ զենիթա-հրթիռային համալիրի բաղադրիչ կազմող «9M39» մարտական հրթիռը պիտանի է հետագա շահագործման համար եւ հանդիսանում է ռազմամթերք։
Ներկայումս պարզաբանվում են զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերման շարժառիթները, հնարավոր օգտագործման նպատակները, ինչպես նաեւ ֆինանսավորման աղբյուրները։
Նախաքննությունը շարունակվում է։
Սամվել Բաբայանի ձերբակալությունը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը որակում է որպես քաղաքական հետապնդում: Սամվել Բաբայանն աջակցում է այս դաշինքին: