Լևոն Տեր-Պետրոսյանը հենարան չի կանգնում Սերժ Սարգսյանին
«Տեր-Պետրոսյանը խոսում է նրա մասին, որ ով էլ լինի ՀՀ իշխանությունը, խաղաղության ծրագիրն առաջ է գնալու: Եթե մենք լինենք, մենք կանենք, իսկ ով էլ լինի, մենք կօգնենք, մենք կպնդենք, մենք կճնշենք խաղաղության մեր շարժումով: Սա է նախագահի ասածը, մնացածը հիվանդ ուղեղների կամ երևակայությունների ասած է»,-այսօր ասուլիսին ասաց ՀԱԿ փոխնախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի թեկնածու Լևոն Զուրաբյանն` անդրադառնալով տեսակետին, որ առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցով հենարան է կանգնում Սերժ Սարգսյանին և հողեր է հանձնում:
Դիտարկմանը, թե առաջին նախագահը ոչ մի քննադատություն չհնչեցրեց իշխանություններին, նա արձագանքեց, որ ինքն էլ կարող է 10 րոպե խոսել մի խնդրի մասին ու քննադատություն չներկայացնել, սակայն դա չի նշանակում, որ ինքն այսուհետ դարձել է իշխանության սպասավոր:
Լ. Զուրաբյանը հայտարարեց` իշխանության հետ իրենք անհամատեղելի են: «Մենք երբեք չենք կարող կոալիցիա կազմել: Շարունակելու ենք ամեն ինչ անել, որ ՀՀ-ում հաստատվի մի իշխանություն, որ մաքուր է, ազնիվ, հաշվետու է ժողովրդի առջև»,-նկատեց նա: