Տեր-Պետրոսյանի գնահատականները չեն փոխվել. Զուրաբյանը` Շարմազանովին
«Մենք հրավիրում ենք հանրահավաք, որը կվերածվի խաղաղության երթի, և մենք խաղաղության գաղափարի բոլոր կողմնակիցներին, անկախ իրենց ընտրական համակարանքներից, հրավիրում ենք իրենց մասնակցությամբ օժանդակել այդ երթի հզորությանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի թեկնածու Լևոն Զուրաբյանը:
Վերջինս արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, ով ասել էր, թե անկեղծորեն շոյված է առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի այն մտքից, որով այսօրվա իշխանություններին ընտրված է ճանաչել:
«Եթե նա նկատի ունի Հանրային ՀԸ եթերում Տեր-Պետրոսյանի այն միտքը, որ ժողովուրդն իրավունք ունի ճնշել իշխանություններին, որ գնան խաղաղության ծրագրին` ասելով, որ ընտրել ես չէ՞, ապա նա նկատի ուներ տեսական բնույթը, ժողովուրդն իրավունք ունի ճնշում գործադրել պաշտոնապես ընտրված իշխանության վրա, որովհետև ընդհանրապես սա տեսական մոտեցում է: Շարմազանովը շատ սխալվում է, եթե ընդունել է սա որպես Սերժ Սարգսյանի լեգիտիմության ճանաչում:
Տեր-Պետրոսյանի գնահատականները և 2008 թվականի, և 2013 թվականի ընտրությունների վերաբերյալ ոչ մի սանտիմետր չեն փոխվել, գնահատականները ուժի մեջ են»,-շեշտեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը: