27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արցախի վերջնական կարգավիճակը պետք է որոշեն արցախցիները. Շարմազանովը` Տեր-Պետրոսյանից

«Չեմ կարծում, որ ես պետք է Առաջին նախագահի հարցազրույցներին գնահատական տամ, մանավանդ որ ինքն այն անձնավորությունն է և այն պետական գործիչն է, որը Ղարաբաղյան հիմնահարցին տիրապետում է խորքից: Իհարկե, կլինեն թեզեր, որ մեր կուսակցությունները կունենան տարբեր կարծիքներ, բայց ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ որևէ մեկը չի կարող մեղադրել Տեր-Պետրոսյանին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցն ու հնչեցրած մտքերը:

ԱԺ փոխնախագահի համար առաջին նախագահի հարցազրույցում նոր բան չկա. «Ոչ թե հետաքրքիր բան չկար, այլ նոր բան չկար, թե չէ նա շատ հետաքրքիր է խոսում և փորձում է հիմնավորել իր տեսակի ճշմարտացիությունը: Ամեն դեպքում ինձ ոչ թե դուր եկավ, այլ ինձ համար գնահատելի է այն, որ առաջին նախագահը պոպուլիզմի և ականջահաճո հայտարարությունների ճանապարհով չի գնում: Կոնկրետ փաստաթղթի վերաբերյալ մարդը տալիս է իր գնահատականները»,-նկատեց նա:

Է. Շարմազանովը ներկայացրեց արցախյան հարցի վերաբերյալ իշխանության տեսակետը. «Մենք էլ ունենք մեր գնահատականներն` անկախ առաջին նախագահի գնահատականներից: Առաջինը` 2007 թվականից հետո հրապարակվել է Մադրիդյան փաստաթուղթը, 2011-ին Մադրիդյան փաստաթղթին ավելացան մի շարք առաջարկներ, որոնք ստացան Կազանյան առաջարկներ անվանումը: Մենք բազմիցս որպես իշխանություն նշել ենք, որ այն մեր երազանքի փաստաթուղթը չէ, բայց այդ փաստաթուղթը մենք ընդունում ենք հիմք` բանակցությունների առաջընթացն ապահովելու համար: Այսինքն` Հայաստանի Հանրապետության համար այսօր սեղանին դրված փաստաթուղթը հիմք է բանակցությունների միջոցով առաջընթաց ապահովելու և լուծելու կայունության, խաղաղության խնդիրը տարածաշրջանում` Արցախի հարցի հետ կապված»:

Երկրորդ կետով ՀՀԿ-ը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումը միայն Արցախի ժողովուրդը պետք է որոշի: «Մենք սատարելու ենք Արցախի ժողովրդի որոշումը:

Երրորդ` մենք սատարում ենք Մինսկի խմբի համանախագահության բոլոր ջանքերը` խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ»:

Հարցին, թե արդյոք կիսում է Լ. Տեր -Պետրոսյանի տեսակետը, թե քաղաքական ուժերի 90 տոկոսը պատկերացում չունի Ղարաբաղի հարցի գործընթացի մասին, Է. Շարմազանովը պատասխանեց.  «Մենք չենք ասում` քանի տոկոսն է տիրապետում, քանի տոկոսը` ոչ, բայց ավելի լավ տիրապետում են նրանք, որոնք նախկինում և ներկայում եղել են բանակցություններում, որովհետև մի բան է կողքից հետևել բանակցություններին, մի բան` մամուլից իմանալ, և մի այլ բան` ուղղակի լինել բանակցային կողմ և տիրապատել բոլոր նյուանսներին: Բնականաբար, պոպուլիստական հայտարարությունների պակաս մեզ մոտ երբեք չի եղել: Տեր-Պետրոսյանն էլ նշեց, որ հիմնականում երեք ուժ` ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն են ներկայացրել իրենց դիրքորոշումը Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ: Այո, այս նախընտրական պայքարում մենք ոչ թե պետք է ուռա գոռանք կամ գառ մորթենք մեկի ոտքերի տակ, այլ առանցքային հարցերից մեկը պետք է լինի անվտանգությունը: Դրա համար մենք մեր կարգախոսի երկու բաղադրիչներից մեկն ընտրել ենք անվտանգությունը»:

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե ժողովուրդը պիտի ընտրված իշխանությունից պահաջի Արցախի հարցի կարգավորում»` նման կերպ լեգիտիմիացնելով իշխանությունները, ապա հարցին, թե ինչպես է գանահատում այս միտքը, ՀՀԿ խոսնակն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ մենք չպետք է շատ հետ նայենք, այլ պետք է դասեր քաղենք 2008 թվականի դեպքերից: Ես նախ շատ բարձր եմ գնահատել ապրիլյան պատերազմի օրերին Տեր-Պետրոսյանի պահվածքը: Կրկնակի դրական եմ գնահատել նախագահ Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի հանդիպումը պատերազմի օրերին:

Դա շատ լավ է և խոսում է մի փաստի մասին, որ բոլոր կողմերն են վատ ջրից դասեր քաղել: Իսկ ինչ վերաբերվում է «ընտրված իշխանություն» արտահայտությանը, ապա շատ ազդեցիկ է ազդեցիկ քաղաքական գործչից լսել իշխանությունների սատարման մասին այս փուլում: Առաջին անգամ չէ, որ Տեր-Պետրոսյանը նման գնահատական է տալիս: Դրա համար եմ ասում` ինձ համար որևէ նոր բան չկար: Գուցե նորություն էր նրանց համար, որոնք ուշադիր չեն կարդացել կամ չեն հետևել Տեր-Պետրոսյանի հարցազրույցներին: Իսկ նա ոչ մի բառ հենց այնպես չի ասում: Ես իրեն անձնապես չեմ ճանաչում, բայց իր գործունեությունը դա է ցույց տալիս»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ