«Կասեին՝ հլա նայի, սկսել են իրենցից, իրենց աշխատավարձերն են բարձրացրել»
«Այսօր իմ աշխատակազմում աշխատում են երիտասարդ, իրենց երկիրը սիրող, բանիմաց մասնագետներ, որոնց ես հիմնականում բերել եմ մասնավոր սեկտորից, և իրենց ներկայիս աշխատավարձը նախկին աշխատավարձից տարբերվում է 3-4 անգամով»,-այսօր Քանաքեռ-Զեյքուն համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։
Վարչապետի ներկայացմամբ՝ այդ մարդիկ համաձայնել են, որովհետև իրենց մեջ պատրաստակամություն կա՝ մասնակցել մեր երկրի փոփոխություններին։ «Բայց դա ընդմիշտ չի կարող լինել, բայց ես էլ եմ հասկանում, որ պատասխանատվություն ունեմ այս երիտասարդ տղաների, աղջիկների նկատմամբ»,- նկատեց վարչապետը՝ հավելելով, որ եթե պետական համակարգում վարձավճարները չփոխվեն՝ ունենալու ենք վատ որակի կառավարման համակարգ։
Ըստ վարչապետի՝ եթե լավ կառավարում չունենաս, ոչինչ երկրում լավ չի լինի. «Բայց որ այդ հարցը դնեինք, մեր քաղաքացիները կասեին՝ հլա նայի, սկսել են իրենցից, իրենց աշխատավարձերն են բարձրացրել, ու միանգամից կդառնայինք խոցելի։ Մանավանդ հիմա մեր միջավայրն այնպիսին է, որ շատ քիչ առիթ է պետք՝ քննադատելու համար. առանց խորանալու դրդապատճառների մեջ, քննադատում են։ Այդ իսկ պատճառով, հայրենասիրությունը չափազանց կարևոր է պետական կառավարման համակարգի մեջ»,-եզրափակեց նա։