“Թող բռնագանձում տարածեն ընկերության պատկանող գույքի վրա, ոչ թե անձնական գույքի”
“ “Հին Էրիվանն հոլդինգ” ՍՊԸ-ն ու “Յունիբանկն” ունեն կնքված վարկային պայմանագրեր, որոնց ընթացքում տրամադրվել է 900 եւ 300 միլիոն դրամ գումար: Առաջին 900 միլիոնի պայմանագիրը կնքվել է 2007 թվականին, իսկ 300 մլն-ինը` 2008 թվականին, ապա պայմանագրերը երկարաձգվել են, առաջինի դեպքում մինչեւ 2019 թիվը, իսկ մյուսը`2015 թ.”,- այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Կարինե Բաղդասարյանը, ով ներկայացնում է “Հին Էրիվանն հոլդինգ”-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի շահերը:
Արդյունքում, ըստ նրա, ընկերությունը սահմանված կարգով եւ ժամկետում մարել է վարկը, այսինքն` “Յունիբանկը” հաշվից քաշել է այդ գումարները, ապա ծանուցում է ուղարկել ժամկետանց լինելու մասին, եւ նշել, որ կբռնագանձի շենքը:
Խնդիրն այն է, որ ըստ փաստաբանի, “Յունիբանկն” առանց իրավական հիմքերի փորձում է խլել Մանվել Տեր-Առաքելյանին պատկանող շենքը, որում այս պահին գործում է “Հին Էրիվան հոլդինգ” ՍՊԸ-ն:
“Հին Էրիվանն հոլդինգ” ՍՊԸ-ի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Դանիելյանն էլ նշեց, որ “Հին Էրիվանն հոլդինգ” ՍՊԸ-ի և “Յունիբանկի” միջև կնքված համաձայնագրերով իրենք գումարը մարել են, բայց ըստ նրա` բանկն էլ, դատարանն էլ գտնում են, որ այդ համաձայնագրերը կնքված չեն:
“Դա այն դեպքում, երբ համաձայնագրերի վրա կա բանկի կնիքը, ստորագրությունները: Ամբողջ հարցը կայանում է նրանում, որ նախաբանակցային փուլում ստորագրած պայմանագրերը “Յունիբանկը” փորձում է իր օգտին շահարկել: Կան նախաաբանակցային փուլում ստորագրված փաստաթղթեր, որոնք վերաբերվում են այլ ժամկետներին”:
Քանի որ բանկի կողմից գույքի բռնագանձում է սկսվել, կողմը հայց է ներկայացրել դատարան: Ըստ փաստաբանի` վարկային պայմանագրերը կնքվել է “Հին Էրիվան” հոլդինգի եւ “Յունիբանիկի” միջեւ, եւ Մանվել Տեր-Առաքելյանը գրավադրել է Հյուսիսային պողոտայում գտնվող իր շենքը` միմիայն 900 միլիոնի վարկային պայմանագիրը ապահովելու համար, իսկ 300 միլիոնի վարկային պայմանագրի մասով Մանվել Տեր-Առաքելյանը գրավի պայմանագիր չի կնքել և իր սեփական գույքը չի գրավադրել` ի ապահովում “Հին էրիվան հոլդինգի” 300 միլիոնի վարկային պարտավորության կատարման: Օրենքով չկա այնպիսի կետ, որ բանկը կարող է առանց գրավի պայմանագրի բռնագանձում տարածել նրա գույքի վրա:
“Մանվել Տեր-Առաքելյանը երբևէ չի հրաժարվել իր պարտավորությունները կատարելուց: Բայց նա չի կարող իր անձնական գույքով պատասխանատվություն կրել, թող բռնագանձում տարածեն ընկերության պատկանող գույքի վրա, ոչ թե անձնական գույքի: Վաղը վերաքննիչում կհրապարակվի ակտ, հույս ունենք, որ անարդարություն տեղի չի ունենա”,- ասաց Դ. Դանիելյանը:
Փաստաբանները նշեցին, որ այստեղ ոչ միայն անհատի, այլև հասարակական շահի խնդիր կա, քանի որ “եթե այսօր բանկը խլի «Հին էրիվանը», վաղն էլ` ձեր հերթն է գալու, կարող է ձեզ հետ էլ նման բան լինել”: