Մանվել Գրիգորյանը կոչ է արել չշահարկել Արթուր Սարգսյանի հուղարկավորությունը
Երբեք և ոչ մի հարցում մի՛ շահարկեք Եռաբլուրը, ոչ մի հարցում: Այսպես արձագանքեց Երկրապահ կամավորականների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ Արթուր Սարգսյանին Եռաբլուրում հուղարկավորելու նախաձեռնության մասին Times.am-ի հարցին:
Տեղեկացնենք, որ հաց բերող Արթուր Սարգսյանի մտերիմները հանդես են եկել նախաձեռնությամբ՝ պահանջելով կազմակերպել «պատվավոր հուղարկավորություն» և նրա աճյունը հողին հանձնել Եռաբլուր պանթեոնի տարածքում:
Այս նախափձեռնության առթիվ մեկնաբանություն խնդրեցինք ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանից, ով մասնավորապես ասաց. «Ցավով ենք ընդունել Արթուր Սարգսյանի մահվան լուրը: Ցավակցում ենք հարազատներին և բարեկամներին: Արթուր Սարգսյանի հուղարկավորման արարողությունը պետք է կազմակերպել հայ մարդուն արժանի կերպով, մենք էլ պատրաստ ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել: Միևնույն ժամանակ, կոչ ենք անում չշահարկել Արթուր Սարգսյանի հուղարկավորության գործընթացը: Եռաբլուր զինվորական պանթեոնը տեղ ու դեր ունի մեր ու մեր ժողովրդի կյանքում, նրա ներկայում ու ապագայում։ Երբեք և ոչ մի հարցում մի՛ շահարկեք Եռաբլուրը, ոչ մի հարցում, լսու՞մ եք։ Կոչ ենք անում հարգել հանգուցյալի հիշատակը և հանգիստ թողնել Եռաբլուրն ու նրա նշանակությունը»:
Նյութի աղբյուր՝ Times.am