Առաջին անգամ մենք ընտրելու ենք ոչ թե թագավոր, այլ՝ համակարգ. Լևոն Մկրտչյան
Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում, այսօր՝ մարտի 18-ին լավ են ընդունել: Համդիպմանը ներկա է եղել նաև համայնքի ղեկավարը:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը ներկայացրել են կուսակցության նախընտրական ծրագիրը:
Կրթության և գիտության նախարար, ՀՅԴ ցուցակով պատգամավորի թեկնածու Լևոն Մկրտչյանը, դիմելով հավաքվածներին, նշել է, որ ժողովուրդը հիմա դժվար վիճակի մեջ է, քանի որ յուրաքանչյուր կուսակցություն տարածքներում իր թիմերով է հանդես գալիս, և շատերը դժվարանում են կողմնորոշվել, որովհետև թեկնածուների մեծ մասը բարեկամներ են, հարազատներ:
Նախարարը նկատեց, որ լրացուցիչ բարդություն է նաև այն, որ բոլոր 9 կուսակցություններն ու դաշինքները մեծ-մեծ խոստումներ են տալիս, ընդհուպ՝ մինչև ընտրակաշառքի բաժանում:
«Որևէ կուսակցություն վատ բան չի գրելու իր նախընտրական ծրագրում, բոլորը ասելու են՝ ինչքան հիանալի է լինելու, եթե իրենց ընտրեն: Ընտրողը պետք է երկու սկզբունքով իր որոշումը կայացնի: Առաջինը՝ նա ի՞նչ երկրում է ուզում ապրել, և երկրորդ՝ այդ երկրում իր վիճակը ինչպիսի՞ն պիտի լինի»,- ասել է Լևոն Մկրտչյանը:
Նախարաը ընդգծել է, որ չի կարելի ժողովրդին դնել ծանր սոցիալական վիճակի մեջ, որի հետևանքով նա կորցնի իր հավատը ապագայի հանդեպ:
«Մենք մեր սերունդներին պետք է թողնենք ուժեղ երկիր: Միայն այն ժողովուրդներն են զարգանում, որոնք սերունդներին ավելի շատ են թողնում, քան ստացել են: Այդպես է, որ երկիրը հարստանում է, զարգանում է: Մեր դժբախտությունն այն է, որ մեր ամեն սերունդ ավելի քիչ է թողել, քան ստացել է: Մենք առաջին անգամ շանս ունենք մեր սերնդին թողնել ավելին, քան ստացել ենք»:
Լևոն Մկրտչյանը հորդորել է ուշադիր լինել այս ընտրություների ժամանակ , քանի որ առաջին անգամ մենք ընտրելու ենք ոչ թե թագավոր, այլ՝ համակարգ, որտեղ ներկայացված կուսակցություններից է ձևավորվելու կառավարությունը: