Դատապարտված չենք. ՕՐՕ-ին դիմավորեցին դհոլ-զուռնայով
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչներին Վարդենիսում ընդունեցի դհոլ-զուռնայով:Դաշինքի երկրորդ համարի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը ներկաներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել երկու օր առաջ կյանքից հեռացած «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակը: Մարտիրոսյանը հայտնեց, որ երեկվանից քաղբանտարկյալների ցուցակում ավելացել է ևս մեկ անուն.«Մեկ տարի ազատազրկման դատապարտվեց Արմեն Մելիքյանը, ով «Սասնա ծռեր»-ի բանտարկությունից հետո հակաճգնաժամային խորհրդի անդամ էր»:
Արմեն Մարտիրոսյանը ընդգծեց, որ իրենց իշխանություն գալուց հետո անպայման համաներում է լինելու.«Սա այսպես շարունակվել չի կարող: Երկրում պետք է հաստատվի արդարության մթնոլորտ: Անազատ, կախյալ դատարանները արդարադատություն իրականացնել չեն կարող»:
«Տապալել են ամեն ինչ,այս տարիների ընթացքում տապալել են տնտեսությունը:Ձախողել են դիվանագիտությունը: Ժամանակն է իշխանություններին ասել՝ ցտեսություն: թող իշխանությունը հանձնեն այն մարդկանց , ովքեր երկրում կարող են իշխանություն փոխել: Այս դաշինքը հենց այդ դաշինքն է: Մեր ծրագիրը արդեն ներկայացրել ենք ու այն անվանել ենք 365 օր: Մենք մեր ժողովրդին կասենք, որ 365 օրերից ամեն օր Դուք Ձեր մաշկի վրա կզգաք փոփոխություն»,-իր ելույթում ասաց Վարդան Օսկանյանըև հավելեց.«Մենք պետք է փոփոխություն անենք, որովհետև դատապարտված չենք այսպես ապրելու»: