ՀՀ պետական գնումների էլեկտրոնային համակարգում կընդգրկվեն նաև Համաշխարհային բանկի ԾԻԳ-երի գնումները
Մարտի 17-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանի մամուլի ասուլիսը: Կարեն Թամազյանը լրատվամիջոցներին ներկայացրել է պետական գնումների համակարգում կատարված բարեփոխումները՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության ծրագրով պետական գնումների բնագավառում իրականացվելիք 4 միջոցառումներից 3-ն արդեն իսկ կատարվել են, իսկ վերջինը կավարտվի հաջորդ շաբաթ: Միջոցառումներից առաջինը, որն ավարտվել է փետրվարին, ներառում է գնման գործընթացների պարզեցումը, պատվիրատուների թվի կրճատումը և մասնակի կենտրոնացված համակարգը:
«Իրականացվեց պետական կառավարման մարմինների շրջանակում գործող ՊՈԱԿ–ների կողմից գնումների կենտրոնացում: Փաստացի, այս տարի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կենտրոնացրեց իր ՊՈԱԿ–ների գնումները: Հիմա արդեն աշխատում ենք նաև առողջապահության նախարարության հետ, որպեսզի նրա ներքո գործող ՊՈԱԿ–ների գնումները նույնպես կենտրոնացվեն պետական գնումների էլեկտրոնային համակարգում»,- ասել է փոխնախարարը:
Մյուս միջոցառումը միտված է հակամրցակցային երևույթների զսպման նպատակով գնման գործընթացում շահերի բախման բացակայության մասին անարժանահավատ հայտարարությունների և գնման գործընթացում փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցության համար պատասխանատվություն սահմանող օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությանը:
ՀՀ կառավարության ծրագրով պետական գնումների բնագավառում իրականացված հաջորդ միջացառումը` օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ ծրագրերի իրականացվող գնումների՝ թղթայինից էլեկտրոնային համակարգ տեղափոխելու պիլոտային ծրագիրն է, որն ավարտվել է նախորդ շաբաթ:
«Համաշխարհային բանկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տվյալ կազմակերպության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում մրցույթներն իրականացվեն Հայաստանի Հանրապետության պետական գնումների էլեկտրոնային համակարգի միջոցով: Իրականում այն մեզ համար մեծ վստահության քվե է: Նման կազմակերպություն, ինչպիսին է Համաշխարհային բանկը, վստահում է Հայաստանի պետական գնումների համակարգին»,-նշել է Կարեն Թամազյանը:
Փոխնախարարի տեղեկացմամբ` պիլոտային եղանակով էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի միջոցով կազմակերպվել է գնանշման հարցման ընթացակարգ և բաց ազգային մրցույթի ընթացակարգ և համակարգում ծրագրային խնդիրներ չեն առաջացել: Արդյունքում` ապրիլի 1-ից բոլոր ԾԻԳ-երը կսկսեն Համաշխարհային բանկի ծրագրերի շրջանակներում նման մրցույթներն իրականացնել ՀՀ պետական գնումների էլեկտրոնային ARMEPS համակարգի միջոցով:
«Նախատեսում ենք նաև բանակցություններ սկսել Ասիական զարգացման բանկի հետ, որպեսզի իրենց գնումները նույնպես սկսեն իրականացվնել մեր պետական գնումների էլեկտրոնային համակարգի միջոցով: Հուսով ենք՝ կարճ ժամանակ անց կկարողանանք նաև ներկայացնել այդ բանակցությունների արդյունքները»,- հավելել է Թամազյանը:
Չորրորդ միջոցառումը, որը կավարտվի մյուս շաբաթվա վերջին, գնման պայմանագրերի կատարման արդյունքների ընդունման գործընթացի էլեկտրոնային եղանակով կազմակերպումն է:
Կառավարության ծրագրով այս բոլոր միջոցառումները նախատեսված է ավարտել ապրիլի 1-ին:
Փոխնախարարի տեղեկացմամբ` ապրիլի 1-ից բոլոր պետական ՓԲԸ-ները նույնպես կանցնեն պետական գնումների էլեկտրոնային տարբերակին: «Հիմա արդեն աշխատանքներ տարվում են: Նախատեսում ենք, որ ապրիլի վերջից բոլոր պետական հիմնադրամները նույնպես կանցնեն դրան և հանրությանը տեսանելի ու հասանելի կլինեն նրանց գնումների ընդունման արդյունքները»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը:
2016թ. պետական գնումների նախնական ամփոփման տվյալներով գնումները 2016թ. գնումները կազմել են շուրջ 188.5 մլրդ դրամ, որից 97.0 մլրդ դրամը մենաշնորհային գնումներ են(լույս, ջուր, կոմունալ այլ ծախսեր, հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ և այլն), իսկ 91.5 մլրդ. դրամը` մրցակցային գնումներ: Մրցակցային գնումների մեջ 7.2%-ը մեկ անձից կատարված գնումներն են 6.6 մլրդ դրամ. նախորդ տարվա համեմատ ցուցանիշը նվազել է ավելի քան 2.5 անգամ (2015թ. 18.3% , 21.2 մլրդ դրամ): Փոխնախարի խոսքով` սա վկայում է այն, որ ավելացել են մրցակցային գնումների ծավալը և մրցակցության աստիճանը: Օրինակ՝ բաց ընթացակարգերով մրցույթների դեպքում միջին մասնակցությունը արձանագրվել է 6.4 կազմակերպություն 1 մրցույթի ժամանակ` նախորդ տարվա 3.4 դիմաց, պարզեցված ընթացակարգերում 3.3` նախորդ տարվա 1.5-ի դիմաց: